Պաշտոնյայի աշխատանքի գնահատականը. մետաղադրա՞մ, թե՞ ծաղկեփունջ


Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը չի կարծում, որ վարչապետի՝ երեկ հնչեցրած հայտարարությունն ուղղված է քաղաքացիական միավորումների ազատությունների կամ իրավունքների սահմանափակմանը: Նա այս կարծիքն այսօր հայտնել է Ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում կազմակերպված քննարկման ժամանակ, որի թեման հենց քաղաքացիական հասարակության զարգացման հնարավորություններն էին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հիշեցնենք, երեկ կառավարության նիստի ժամանակ կոնկրետ հանձնարարականներ էր ուղղել արդարադատության նախարարին ու ոստիկանապետին՝ առաջարկել օրենսդրական և կազմակերպական լուծումներ քաղաքացիական բողոքների ժամանակ ամենաթողությունը բացառելու համար:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ կառավարության նիստը սկսեց մի հայտարարությամբ, որի հասցեատերը նաև քաղաքացիական հասարակությունն է։ Վարչապետն անդրադարձավ քաղաքացիական բողոքներին, ավելի ստույգ՝ այդ դրանց արտահայտման, իր ձևակերպմամբ, «սանձարձակ եղանակներին»: Որպես օրինակ՝ նշվեց պատգամավորների կամ նախարարների վրա մանրադրամներ նետելը: Հիշեցնեմ՝ մանրադրամներ նետվել էին կուտակայինի քննարկման օրը` ԱԺ դիմաց ակցիայի ժամանակ: Վարչապետը սա ամենաթողություն էր որակել և կոնկրետ հանձնարարականով դիմել արդարադատության նախարարին ու ոստիկանապետին։ «Ի լուր բոլորի հայտնում եմ՝ ես դա չեմ հանդուրժելու։ Ուստի հանձնարարում եմ արդարադատության նախարարին ու ոստիկանապետին քննարկել այս հարցը և առաջարկել լուծումներ թե՛ օրենսդրական, թե՛ կազմակերպական»։
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր մասնակցում էր մի քննարկման, որի թեման հենց քաղաքացիական հասարակության զարգացման հնարավորություններն էին: Նախարարը չի կարծում, որ վարչապետի՝ երեկ հնչեցրած հայտարարությունն ուղղված է քաղաքացիական միավորումների ազատությունների կամ իրավունքների սահմանափակմանը: «Դուք վարչապետի ասածը չեք ընկալել այն կոնտեքստում, որում այն ասվել է: Ասվածը ուղղված չէր քաղաքացիական հասարակության իրավունքների սահմանափակմանը: Ընդամենն ուղղված էր նրան, թե ինչպես պիտի հանրությունը, քաղաքացիները իրենց սահմանադրական իրավունքները, ազատությունները ռեալիզացնեն: Այդ իրավունքներն ու ազատությունները սահմանված են Սահմանադրությամբ, և որևէ մեկը, այդ թվում և արդարադատության նախարարը, չի կարող հայտնագործել այնպիսի օրենքներ, որոնք կարող են սահմանափակել այդ իրավունքները: Դա անհնար բան է»,- ասաց։
Այդուհանդերձ, ինչպե՞ս է պատրատսվում արդարադատության նախարարը ի կատար ածել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականը: «Ես Հովիկ Աբրահամյանի հանձնարարականը պատրաստվում եմ կատարել հստակ, ինչպես որ հանձնարարված է: Պետք է սահմանված ժամկետում ուսումնասիրենք համաշխարհային փորձը, հասկանանք մեր օրենսդրության բացերը և փորձենք մեր Սահմանադրության և համաշխարհային փորձի լավագույն պրակտիկայի վրա ստեղծել օրենսդրական այնպիսի կարգավորումներ, որոնք մի կողմից կապահովեն պատշաճ իրավական հիմք համապատասխան իրավունքների և ազատությունների իրագործման համար և միևնույն ժամանակ կստեղծեն այնպիսի իրավիճակ, որ ուրիշի ազատությունները և իրավունքները ևս չխաթարվեն»։
Քննարկման մասնակիցներից մեկն էլ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն էր, ում գործունեության դաշտը մինչև օրենսդրականը եղել է քաղաքացիական հասարակությունը: Վարչապետի հայտարարությանը պատգամավորը երկու տեսանկյունից է դիտարկում: Առաջինը՝ ողջամտության դիտակետն է. «Եթե քաղաքացու այս կամ այն գործողությունը հակասում է օրենսդրությանը, խախտում է վարչական կամ քրեական օրենսգրքերով սահմանված նորմերը, ապա պետք է պատժվի: Այս առումով հայտարարությունը ողջունելի է»։
Բայց ընդդիմադիր պատգամավորն ավելի կարևոր է համարում իրավիճակի ոչ թե հետևանքներին, այլ պատճառներին անդրադառնալը: Կառավարությունը, կարծում է, պետք է մտածի այն ուղղությամբ, թե ինչու են մետաղադրամներ նետում և ոչ ծաղկեփնջեր նվիրում։ «Պետք է գիտակցենք, որ ժողովրդի այս կամ այն քայլը գնահատական է այն բանի, թե ինչպես ենք մենք նրան վերաբերվել: Սրանից պետք է դաս քաղել, ոչ թե դրա դեմն առնելու մասին մտածել: Կարծում եմ՝ կառավարության ղեկավարը պետք է հանձնարարական տար բոլոր նախարարներին, որ գնան ու ժողովրդի հետ այնպես աշխատեն, որ ոչ թե մանրադրամ նետեն, այլ՝ ծաղիկ նվիրեն»,- ասում է պատգամավորը։