Ուկրաինան, Մոլդովան եւ Վրաստանն ասոցացվեցին Եվրամիությանը. Ռուսաստանը սպառնում է


Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանն այսօր ստորագրել են պատմական փաստաթուղթ՝ ամրագրելով. նախկին խորհրդային երեք հանրապետություններն այսուհետ բռնում են եվրաինտեգրման ուղին: Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը նախատեսում է այդ պետությունների մուտքը Եվրամիության ազատ առևտրի գոտի:
Ղարիբաշվիլի. Վրացիներին ընձեռվում է պատմական միջավայր վերադառնալու հնարավորություն
Մեր սերունդը պատիվ ունի մեր նախնիների երազանքն իրականություն դարձնել, մեկնաբանելով Վրաստանի և Եվրամիության միջև ասոցացման համաձայնագրի ստորագրումը հայտարարել է այդ երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Պաշտոնյան վրացիներին հասցեագրած ուղերձը հնչեցրել է Բրյուսելում՝ վրացերենով՝ իր նախաբանում պարզաբանելով, որ ցանկանում է իր զգացմունքներն արտահայտել իր ժողովրդին հասկանալի լեզվով:
Ղարիբաշվիլիի խոսքով՝ վրացիներին այժմ ընձեռվել է պատմական հնարավորություն՝ վերադառնալ իրենց համար բնական միջավայր՝ եվրոպական տարածություն: Վրաստանի վարչապետը Բրյուսելից դիմել է նաև աբխազներին և օսերին՝ նրանց առաջարկելով օգտագործել Եվրոպայի հետ մերձենալու հնարավորությունը։
Ուկրաինայի եվրոպական երազանքը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր երկրի կողմից Ասոցացման համաձայնագրի ստորագրումն անվանել է պատմական քայլ: «Խնդիրը ոչ միայն տնտեսական է: Խոսքը եվրոպական երազանքի մասին է, որի համար մարդիկ իրենց կյանքն են տվել: Կեցցե Եվրամիությունը, կեցցե Ուկրաինան»,- իր խոսքը եզրափակել է Պորոշենկոն:
Կես տարի առաջ, ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժերվելով սկսվեց Վիկտոր Յանուկովիչի քաղաքական անկումն ու միջազգային օրակարգի կարևորագույն հարցերից մեկը դարձած ուկրաինական ճգնաժամը:
Մոլդովայում ընդդիմությունը պատրաստվում է բողոքի գործողությունների
Եվրաինտեգրման հակառակորդները Մոլդովայում հայտարարել են երկրի միանգամից մի քանի քաղաքներում բողոքի անժամկետ գործողություններ սկսելու մասին: Ընդդիմադիր սոցիալիստական կուսակցության առաջնորդ Իգոր Դոդոնը այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ տեղեկացրել է, որ իրենք մտադիր են խնդրի շուրջ հանրաքվեի անցկացում նախաձեռնել։ «Մոլդովայի իշխանությունների կողմից Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը բացասաբար կանդրադառնա մեր երկրի տնտեսության վրա և կսպառնա տարածքային ամբողջականությանը»,- ասել է ընդդիմադիր գործիչը։ Նրա խոսքով՝ այսօր բողոքի խաղաղ գործողություն կանցկացվի Բրյուսելում, հաջորդ շաբաթ՝ Մոլդովայի խոշոր քաղաքներում:
Մոլդովայի՝ Եվրամիության ասոցացված անդամ դառնալուն դեմ են նաև այդ երկրի կոմունիստները: Կուսակցությունը, ի դեպ, խորհրդարանում ունի ձայների մեկ երրորդը: Մոլդովական ընդդիմությունը մտավախություն ունի, որ եվրաինտեգրման հարցում ազգային համաձայնության բացակայությունը կարող է միջէթնիկական հակամարտության և որպես հետևանք՝ երկրի վերջնական պառակտման հանգեցնել:
Ռուսաստանը սպառնում է
Պաշտոնական Մոսկվան արդեն արձագանքել է սպառնալիքներով: Ռուսաստանը կձեռնակրի հնարավոր բոլոր միջոցները Ուկրաինայի կողմից ասոցացման համաձայնագրի ստորագրման բացասական հետևանքները վերացնելու համար: Ինչպես այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, ռուսական տնտեսության համար բացասական հետևանքների ի հայտ գալուն պես Մոսկվան կսկսի համապատասխան քայլեր ձեռնարկել։