Հունիսի 29-ը Հայաստանում պաշտոնապես նշվում է որպես անհետ կորած ազատամարտիկի օր


Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Հունիսի 29-ը Հայաստանում պաշտոնապես նշվում է որպես անհետ կորած ազատամարտիկի օր: Այն պատահական ընտրված չէ. արցախյան պատերազմի ժամանակ հենց այդ օրն են Մարտակերտի մոտակայքում անհետ կորել առավել մեծ թվով` 75 ազատամարտիկ՝ «Արաբո» ջոկատից:
Այսօր գերիների եւ անհետ կորածներին որոնելու աշխատանքներին եւ այդ ճանապարհին առաջացած խնդիրներին է անդրադարձել «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, Հայաստանի նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը: Նրա խոսքով` ի տարբերություն հայկական կողմի, ադրբեջանական կողմը որեւէ կերպ չի ցանկանում համագործակցել անգամ հումանիտար խնդիրներով: Լարիսա Ալավերդյանը վստահեցրել է, որ գերիների եւ անհետ կորածների խնդիրներով հայկական պետական մարմինների եւ հասարակական կազմակերպությունների համագործակցությունը կարելի է օրինակելի համարել:
Անհետ կորածների եւ գերիների թվի վերաբերյալ հակասական տվյալներին անդրադառնալով` Լարիսա Ալավերդյանը շեշտել է, որ այդ տարբերությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ խոսվում է տարբեր դրվագների եւ տարբեր ժամանակահատվածի մասին: Բացի այդ` Կարմիր Խաչը չի ընդունում հասարակական կազմակերպությունների կամ պաշտոնական մարմինների ներկայացրած ցուցակները, փոխարենը` ինքն է կազմել իր ցուցակը` հիմք ընդունելով անհետ կորածների կամ գերի ընկածների հարազատների, բարեկամների դիմումները: