Հասարակություն

Հանրային խորհուրդը քննարկել է Աֆրիկյանների տան հարցը

Հանրային խորհրդում այսօր քննարկվեց Երևանում պատմամշակութային ժառանգություն Աֆրիկյանների տան հարցը, որի ընթացքում խորհուրդը գտավ, որ այն, ինչ արվել է Աֆրիկյանների տան հետ, անօրինական է:

Քննարկմանը մասնակցեց նաև Մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պաշտպանության գործակալության Երևանի տարածքի բաժնի պետ Կարո Այվազյանը, ով ասաց, որ Երևանի քաղաքապետարանի հետ շուրջ մեկ տարվա բանակցությունների արդյունքում եկել են համաձայնության, ըստ որի 14 շենքեր, որոնք մշակութային հուշարձան են, սակայն տարածքները վաճառված են, ընդգրկվել են հուշարձանների տեղափոխման ցանկում:

«Տարածքի սեփականատերը «Միլենիում Կոնտրակշեն» ընկերությունն է, որի հետ նախարարությունը մի շարք հարցեր է քննարկել: Մասնավորապես, որպեսզի կառույցը չտեղափոխվի, ներկայացվել է մի քանի նախագիծ, սակայն սեփականատերը հրաժարվել է: Կա կառավարության թույլտվություն և ապամոնտաժման գործընթացը սկսվել է ըստ կարգի: Ըստ նրա՝ նախ չափագրվել է, հետո ուսումնասիրվել և արժևորվել է կառույցը: Ապամոնտաժման նախագիծ է ներկայացվել, որը հաստատվել է, իսկ ապամոնտաժման թույլտվությունը տվել է Երևանի քաղաքապետարանը»,-ասաց նա:

Վերջինս նաև վստահեցրեց, որ նախարարությունից վերահսկման աշխատանքներ են իրականացնում, որպեսզի քարերը չվնասվեն. «Չկա ապամոնտաժված քար, որը չի կարող չօգտագործել: Բոլոր քարերն օգտագործելի են, կան վնասված քարեր, որոնց անկյունային հատվածները գուցե ջարդված են, սակայն դրանք նույնպես կարելի է օգտագործել»:

Կարո Այվազյանը նաև տեղեկացրեց, որ կառույցը ներառվելու է մշակույթի նախարարությունից հաստատված «Հին Երևան» նախագծում:

Back to top button