Հասարակություն

Գնումների ոլորտում պատկերը մտահոգիչ է.ԹԻՀԿ

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

ՀՀ պետական գնումների համակարգի մոնիտորինգ՝ 2011-2013թթ: Մոնիտորինգն իրականացրել է Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի աջակցությամբ: Զեկույցն այսօր հասարակության դատին է հանձնվել: Մեկ անձինց կատարվող գնումներում փոխկապակցվածություն, մրցույթներում մշտական հաղթող ընկերությունների մեղմ ասած ոչ թափանցիկ աշխատանք, տնտեսվարղոների համար արհեստական խորընդոտներ, դե իսկ փորձագետների վստահեցմամբ, էլեկտրոնային գնումների համակարգում վիճակն ավելի տխուր է:

Որքան էլ պատասխանատուները ջանքեր են գործադրում, միևնույնն է մեր երկրում գնումների համակարգում խութերը շատ են: Այստեղ մեծ են կոռուպցիոն ռիսկերը: Հերթական անգամ գնումների ոլորտում հետազոտություն է իրականացրել Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը՝ Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի աջակցությամբ: ԹԻՀԿ պետական գնումների փորձագետ Արտակ Մանուկյանը ուսումնասիրել է գնումների համակարգն ու վստահեցնում է, որ 2011-ի հետ համեմատած 2012թ-ին պատկերը փոքր-ինչ բարելավվել է, 2013-ին բարելավումը շարունակվել է, սակայն, 2014-ի միտումները խոստումնալից չեն: Օրինակ, մեկ անձինց կատարվող գնումներում բացասական միտումներ են նկատվում: Փորձել են վերհանել պատվիրատու -կազմակերպություն կապերը, եթե տարվա ընթացքում չորս և ավելի անգամ ընկերւթյունը նույն անձինց գնում է կատարում , այստեղ արդեն նկատելի են կոռուպցիոն ռիսկեր:

Այս դեպքում արդեն փոխկապակցվածությունն ակնհայտ է.«Մարզպետարանները հիմնականում նախընտրում են մեկ անձից գնումներ անել, դրա տակ կարելի է նաև օբյեկտիվ հենքեր տեսնել, բայց կարող են նաև որոշ կոռուպցիոն ռիկսեր լինել: Մարզի ղեկավար կամ պաշտոնատար անձը և այդ հաղթող ֆիրմաները ունեն փոխկապակցություն: Սեզոնայնությունից ելնելով՝ ամեն եռամյակը մեկ հնարավոր է, որ նման կարիք լինի, գնես, եթե դրանից ավել է, նշանակում է որոշակի կապեր կարելի է տեսնել, ուսումնասիրել: Դեպքեր են եղել, երբ մեկ անձով պայմանագիր են կնքել, բայց էդ մարդու շինարարական լիցենզիան կասեցված է եղել: Մի ընկերություն է եղել, երբ ինքը և մկնանման կրծողների դեմ է պայքրում, և շինարարություն է իրականացնում»:

Կենտրոնը փորձել է պարզել, որքանո՞վ են թափանցիկ աշխատում գնումների ոլորտում մշտապես հաղթող ընկերությունները: Փորձագետը վիճակը աղետալի է համարում : Արտակ Մանուկյանը մատնանշում է նաև գնումների համակարգը հայաստանյան հիմնական խնդիրներից մեկը նույնպես, մեր երկրում ոչ թե որակն է կարևորվում, այլ՝ գինը:
«Ողջ աշխարհում ընդունված է գին-որակ, մեր համար մենակ կարևոր է գինը, պատկերացրեք, շինարարություն է, ով ամենաթժան գինը տվեց, ինքը հաղթում է»:

Վիճակն ավելի տխուր է Էկեկտրոնային գնումների համակարգում: 2006-ից դրամաշնորհներ, ընդհանրապես մեծ գումարներ են ծախսվել, սակայն, անարդյունավետ: Փորձագետն ասածը թվերով է հիմնավորում, Հայաստանում տարեկան շուրջ 15 հազար ընթացակարգ ունենք, սակայն, վերջին երեք տարվա ընթացքում էլեկտորոնային եղանակով 100 մրցույթ է տեղի ունեցել:

ՀԱԱ նախագահ Վազգեն Սաֆարյանը կարծում է , որ գնումների համակարգը բարեփոխման կարիք ունի: Նրան էլ են դժգոհություններ հասել, տնտեսվարողները բարձրաձայնում են արհեստական խոչընդոտների մասին. «Կոնկրետ Գյումրում գուլպայի ֆաբրկիայի վերաբերյալ կարող եմ ասել, ստացվեց, որ արդյունքում շահեց մեկը, ով ոչ տեխնիկական պայմաններ ուներ, ոչ արտադրական հնարավորություն, և 25 մլն դրամով ավելի էր հայտը ներկայացրել: Նա էր հենց շահել մրցույթը: Հետո շահողը գալիս է, հիմնական մրցակցին ասում է՝ ես շահել եմ, վերապատվիրում եմ իմ շահած մրցույթի պատվերը, առաջարկում եմ համագործակցենք: Նման խայտառակ փաստեր գուցե էլի կան, բայց հենց այս մեկ դեպքն էլ բավական է, որպեսզի այս համակարգում լուրջ և էական շտկումներ մտցվեն»:

ԹԻՀԿ տնօրեն Վարուժան Հոկտանյանը առանձնացնում է բողոքարկման համակարգի հետ կապված խնդիրները: Իսկ ընդհանրապես գնումների ոլորտում պատկերը մտահոգիչ է:

Back to top button