Հասարակություն

Զգուշացեք սոցցանցերից. կարող եք դառնալ օտար հետախույզների ուշադրության առարկա

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Օրերս Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը տարածել էր հայտարարություն՝ Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից սոցիալական ցանցերի միջոցով Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերի նախկին ու ներկա զինծառայողների հետ կապեր հաստատելու եւ նրանցից  ռազմական բնույթի հետախուզական տվյալներ կորզելու փորձի վերաբերյալ: Ինչպե՞ս խուսափել հակառակորդի համացանցային թակարդներից։

Վերջին տարիներին տեղեկատվական տեխնոլոգիաների և սոցիալական ցանցերի զարգացման արդյունքում ձևավորվել է մի նոր իրականություն, որի ընձեռած հնարավորություններից օգտվում են ադրբեջանական հատուկ ծառայությունները: Այդ հետաքրքրասիրությունը չի վրիպել և մեր պատկան մարմինների ուշադրությունից: Իրականացված բացահայտումները ստիպում են ավելի զգուշավոր գործել համացանցում, որպեսզի խույս տալ հակառակորդի սարդոստայնում հայտնվելուց, հատկապես` սոցցանցերում:

Շատ հաճախ օգտատերերը չեն հետևում տարրական անվտանգության կանոններին՝ փոխանակելով տարատեսակ տեղեկություններով անծանոթ մարդկանց հետ, նկատեց  տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը։ Ըստ փորձագետի՝ ծառայության մեջ գտնվող զինվորականները և սպաները սոցցանցերում միավորվում են տարբեր խմբերում՝ ըստ զորամասերի կամ ռազմական ուսումնական հաստատության, ինչը էլ ավելի էր դյուրացնում հակառակորդի հետախույզների աշխատանքը: Հեշտությամբ պարզվում է նրանց ծառայության վայրը, կարգը, զորքի տեղաշարժը և այլ գաղտնի տեղեկատվություն։

Ադրբեջանական հատուկ ծառայությունները ստեղծում են կեղծ օգտատերերի հաշիվներ և գործում դրանց միջոցով: Բացահայտված դեպքերով կան դատապարտվածներ, որոնք, ինչպես պարզվեց, շատ անզգույշ օգտատերեր են։ Փորձագետը հավելեց, որ ժամանակակից հեռախոսները կարող են  օգտատերի կամքից անկախ նշել նրա գտնվելու վայրը, ինչը ևս խոցելի է դարձնում այս կամ այն անձի անվտանգությունը: Այնպես որ՝ օգտվելիս համացանցից և բջջային կապից հիշեք, որ միգուցե ձեզ այդ պահին հետևում են:

Back to top button