Մշակույթ

Հայկական ջազի թագուհին` Երևանում

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Ազդ Production» ընկերության նախաձեռնությամբ՝ հունիսի 28-ից հուլիսի 4- ը հայտնի ջազ երգչուհի Տաթևիկ Հովհանհիսյանը համերգներով հանդես կգա Երևանում, Գյումրիում, առաջին անգամ նաև Ստեփանակերտում:  Համերգաշարից առաջ սիրված երգչուհին այսօր հանդիպել է լրագրողների հետ։

Տևական ընդմիջումից հետո հայ հանդիսատեսը կրկին հնարավորություն ունի կենդանի հնչողությամբ լսել Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած Տաթևիկ Հովհաննիսյանի անզուգական կատարումները: «Ես մեկնեցի Հայաստանից ոչ թե ավելի մեծ կամ աստղ դառնալու համար, այլ որպեսզի ավելին սովորեմ»,- ասում է Տաթևիկ Հովհաննիսյանը:

«Գնալուց հետո բոլորն են մշակութային ցնցում ապրում: Մենք բոլորս ունենք արմատներ, հեշտ չի  երբ այդ արմատը կտրում ու փորձում ես տեղադրել այլ հողի մեջ: Անհրաժեշտ է ճիշտ միջավայր, որպեսզի նորից կարողանաս սնվել հողից: Հակառակ դեպքում՝ կչորանաս»,- երգչուհին խոստովանում է, որ ԱՄՆ տեղափոխվելուց հետո իր բախտն ինչ որ առումով բերեց՝ իր համար ստեղծվեցին աշխատանքի պայմաններ։

Տաթևիկ Հովհաննիսյանի  մատուցած հայկական մշակումներն ու, հատկապես, Կոմիտասը մեծ  սեր են վայելում այսօր: Ինչպես են օտարներն ընկալում մեր հանճարին, պատասխանում է. «Չեմ կարծում, որ Կոմիտասը նրանց սրտին հասնում է այնքան, որքան մեզ է հասնում, բայց սիրում են»։

Հին ու նոր Երևանների մասին նաեւ խոսեց երգչուհին։ Սիրում է այն Երևանը, որն ավելի մոտ էր իր պատմությանը, կենսագրությանը, որում նրա հիշողություններն են բակի, փողոցի մասին: «Երևանում այսօր կան փողոցներ, որտեղ եթե մենակ մնամ՝ կկորչեմ»,- ասում է: Հավանում է երևանյան Կասկադը, որը, ինչպես նկատել է, ավելի է լավացել, բայց, ցավոք, Երևանում ոչ բոլոր փոփոխություններն են գովելի։

Առաջիկա համերգների ընթացքում Տաթևիկ Հովհաննիսյանը կներկայանա ամերիկյան, բրազիլական, ինչպես նաև հայկական ջազային ստեղծագործություններով: Երգչուհու առաջին համերգը կկայանա հունիսի 28-ին  Երևանի «Յանս» երաժշտական  ակումբում, երկրոդը՝ հունիսի 30-ին Գյումրիում, ապա հուլիսի 2-ին  Ստեփանակերտում։ Շարքը  կեզրափակվի հուլիսի 4-ին՝  Ալ. Սպենդիարյանի անվան  օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք համերգով։

Back to top button