Հասարակություն

Հայաստանում թմրամիջոցների կախվածությունից բուժված պաշտոնյաներ չկան

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Հունիսի 26-ը թմրանյութերի օգտագործման եւ ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է: Չնայած պայքարին` աբողջ աշխարում թմրամոլները շատանում են: Հայաստանում ևս տարեց տարի արձանագրվում է թմրամոլների թվի աճ: Թմրամոլների մեծամասնությունը 30-45 տարեկաններն են, ներկայացնելով հանրապետության իրավիճակը, լրագրողներին ասել է ՀՀ գլխավոր նարկոլոգ, նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանը: Եթե 10 տարի առաջ Հայաստանում հաշվառված էր ընդամենը 183 թմրամոլ, ապա այս տարվա հունվարի 1-ի դրությամբ առողջապահության նախարարության տվյալներով արդեն իսկ 5 022 հաշվառված թմրամոլ կա։

Փորձում են հաճույք ստանալու ակնկալիքով, արդյունքում` ընկնում կախվածության մեջ: Թմրամիջոցների եւ դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարն արդեն շուրջ 100 տարվա պատմություն ունի, սակայն առայժմ հարցին լուծում չի տրվել, և տարեկան տասնյակ հազարավոր մարդիկ թմրամիջոցների հետ կապված խնդիրների զոհն են դառնում: Առողջապահության նախարարության տվյալներով՝ Հայաստանում հաշվառված է 5 022 թմրամոլ անցյալ տարվա 4428-ի դիմաց: Դեռևս 10 տարի առաջ հաշվառված թմրամոլների թիվը Հայաստանում 183-ն էր:

Թմրամոլների թվի տարեց տարի աճը ՀՀ գլխավոր նարկոլոգ, նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանը պայմանավորում է մի քանի հանգամանքով: «Առողջապահության նախարարության համակարգ դիմածների թիվը սկսեց ավելանալ երկու պատճառով։ Նախ՝ բարելավվեց մատուցվող բժշկական ծառայության որակը, երկրորդ՝ թմրամիջոցների օգտագործումը ապաքրեականացվեց: Սակայն իրականում նաև ավելացել է օգտագործողների թիվը Հայաստանում»։

Այս պահին նարկոլոգիական դիսպանսերում 6 հոգի գտնվում է ստացիոնար, 2-ը՝ ամբուլատոր, 226-ն էլ մեթադոնային բուժման փուլում, նշեց Պետրոս Սեմերջյանը՝ հավելելով, որ բուժումն իրականացվում է կամավոր և հարկադիր: Հարկադիրի դեպքում դա կիրառվում է, երբ կա դատարանի որոշում։ «Տարիքային խումբը հիմնականում 30-45 տարեկաններն են: Կանայք 57 հոգի են հաշվառված, 57-ն էլ Երևանից: Բոլոր խավերն էլ օգտագործում են: Ունևոր խավերն օգտագործում են ավելի թանկ թմրամիջոցներ, քիչ ունեցողները՝ ավելի էժան մրամիջոցներ: Կրթությունը նշանակություն չունի: Բուժվող պաշտոնյաներ չեն եղել»։

Առողջապահության նախարարության գլխավոր նարկոլոգի խոսքով՝ հիվանդությունների մեծ մասը քրոնիկ բնույթ է կրում, իսկ բուժումը նպաստում է ազատվել կախվածությունից: Այդուհանդերձ՝ փորձը ցույց է տվել, որ բուժվածների 80 տոկոսը կրկին թմրամիջոց է սկսում օգտագործել։

Նշենք, որ հիվանդների բուժում իրականացվում է պետպատվերի շրջանակներիում: Պետությունը տարեկան հատկացում է 160 մլն դրամ։

 

Back to top button