Հասարակություն

Կարկուտից տուժած արտենցիները փակել են միջպետական ճանապարհը

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»

 Արագածոտնի մարզի Արտենի համայնքը տուժել է հունիսի 25-ի երեկոյան հողմամրրկից և կարկուտից: Հորդառատ անձրևը ուժեղ քամիների ուղեկցությամբ վնասել է համայնքի գյուղատնտեսությունը, առանձնատներն ու անասնագոմերը:  Բնական աղետից տուժած  գյուղացիները կառավարության ուշադրությունն իրենց վրա հրավիրելու պահանջով այսօր առավոտյան մոտ 2 ժամ փակել էին  Արմավիր-Իսահակյան- Գյումրի հանրապետական նշանակության ճանապարհի Արտենիի հատվածը: Համայնքում է եղել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, հորդորել գյուղացիներին բացել ճանապարհը՝ խոստանալով խնդրին լուծում տալ:

Երեկ երեկոյան ժամը 19։ 20-ի սահմաններում  շուրջ կես ժամ տևողությամբ սևծովյան հոսանքները, որոնք ուղեկցվել են մրրկահողմով, կարկուտով ու հորդառատ անձրևներով, զգալի վնաս են հասցրել  Արագածոտնի մարզի  Արտենի համայնքին:  Արտենիում  զգալի տարածքներ են կազմում ծիրանի այգիները, որոնք այս տարի առատ բերք ունեն: 

Սովորաբար նախալեռնային գոտում ծիրանն ավելի ուշ է հասնում և այս համայնքում բերքահավաքը սկսվում է Արմավիրի մարզից հետո: Բերքառատ այգիներում երեկվա կարկուտը վնասել է ծիրանն ու կորցրել ապրանքային տեսքը: Վնասվել են նաև ձմերուկի բոստանները, հացահատիկի ցանքատարածքները:

Կառավարության ուշադրությունն իրենց խնդիրներին սևեռելու նպատակով այսօր առավոտյան Արտենի համայնքի գյուղացիները փակել էին ն Արմավիր-Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության և  Արտենի- Արեգ-Թալին մարզային նշանակության ճանապարհների Արտենիի հատվածները:

Ճանապարհը բացելու նպատակով Արտենիում էր Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: Նա տեղակացրեց, որ բնական աղետի մասին հաղորդել է  ՀՀ նախագահին ու վարչապետին,  կազմելու են մասնագիտական հանձնաժողովներ, ուսումնասիրելու են վնասի չափերը և զեկուցելու են արդյունքների մասին, ըստ որի էլ կմտածեն գյուղացիներին  աջակցելու հնարավորությունների մասին:

 Արտենիի գյուղատնտեսությունն արդեն 3-րդ տարին տուժում է կարկուտից, ինչն արդեն ենթադրում է, որ գյուղում զդացվում է հակակարկտային կայանների տեղադրման անհրաժեշտություն: Գյուղում կա մեկ հակակարկտային կայան, որը սեփականատերը տեղադրել է 2 ամիս առաջ, սակայն կարկուտի ընթացքում կայանը խափանվել է: Արագածոտնի մարզում այս տարի տեղադրվել է  հակակարկտային 12 կայան, որոնց թիվն հասել է 40-ի:  Մարզպետ Սարգիս Սահակյանը տեղեկացրեց, որ Արտենի և Արագածավան գյուղերում  ծրագրով նախատեսված է  հակակարկտային կայանների տեղադրումը:

Հայկ Սահարյանը արդեն 3-րդ շրջանն է,  ինչ ընտրվել է ավագանու անդամ և քաջատեղյակ է գյուղացու հոգսերին, սակայն պետական այրերից որևէ մեկը իրենց  մատից փուշ չի հանել:

Գյուղացիները մեծ վարկեր են վերցրել բանկերից, ինչպես նաև կանխավճարով պայմանավորվածություններ ձեռք բերել  ծիրան արտահանողների հետ, որպեսզի կարողանային այգիները լավ մշակել, սակայն այժմ փաստի առջև են կանգնել: Արտենցիները  իրենց խնդիրների  լուծման հույսը այժմ  կապում են վարչապետի հետ և հավատում օժանդակությանը:

Արտենիում կարկուտից ու հեղեղից վնասվել 1300 հա մշակովի հողատարածք, որից  250 հա-ը ծիրանի այգիներ են, մնացածը սալորի, խնձորի  այգիներ, բոստանային ու հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածքներ:  Վնասի չափերը ճշտելու նպատակով Արագածոտնի մարզի գլխավոր գյուղատնտես  Յուրի Ազատյանի գլխավորությամբ  կազմվել է մասնագիտական հանձնաժողով, որն արդեն համայնքում  անցել է գործի:  Մասնագիտական հանձնաժողովի ստուգման նախնական արդյունքները պարզ կլինի 3 օր հետո:

Ժամը 14-ի դրությամբ ճանապարհն արդեն բաց էր: 

Back to top button