ԿարևորՔաղաքական

ԼՂՀ միջազգային ճանաչումը կապահովի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի անշրջելիությունը

Հայաստանի եւ Արցախի ԱԺ միջխորհրդարանական հանձնաժողովը դիմել է Մինսկի խմբի համանախագահներին՝ կոչ անելով անհրաժեշտ քայլեր ձեռնարկել` բանակցային գործընթացի բոլոր փուլերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիարժեք մասնակցությունն ապահովելու համար։

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովը

ընդգծելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և կազմավորման գործընթացի լիովին և անթերի համապատասխանությունը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին ու նորմերին և այն ժամանակ դեռևս գործող ԽՍՀՄ օրենսդրությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության՝ որպես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավոր լինելու իրողությունը,

արձանագրելով, որ` ի պատասխան Արցախի ժողովրդի ազատ կամաարտահայտության, Ադրբեջանը որդեգրեց էթնիկ զտումների և ուժային մեթոդներով հարցի լուծման քաղաքականություն, որը շարունակվում է ցայսօր,

համոզված լինելով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը կապահովի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի անշրջելիությունը և Ադրբեջանի համար կհանդիսանա ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիության ազդանշան,

հաշվի առնելով, որ 1994 թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտած Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստորագրված հրադադարի մասին համաձայնությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում խիստ կարևոր ձեռքբերում է, որը հնարավոր դարձավ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների միջև ուղղակի բանակցությունների շնորհիվ,

վերահաստատելով հավատարմությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝

հայտարարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հակամարտության վերջնական կարգավորման գրավական հանդիսացող հրադադարի ռեժիմի ամրապնդման անհրաժեշտության և խաղաղ գործընթացի անշրջելիության ապահովման կարևորության մասին:

Կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանագծից դիպուկահարների հետ քաշման, միջադեպերի հետաքննության, և ժողովուրդների միջև ատելություն սերմանող հայտարարությունների ու գործողությունների բացառման ուղղությամբ։

Համոզմունք է հայտնում, որ հայ ժողովուրդը`Հայաստանում, Արցախում և ի սփյուռս աշխարհի, ինչպես և նախկինում, կգործադրի իր ողջ ներուժը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի` ՄԱԿ-ի կանոնադրությամբ և միջազգային իրավունքի հիմնարար փաստաթղթերով երաշխավորված ինքնորոշման իրավունքն ու անվտանգությունն ապահովելու համար:

Դիմում է Մինսկի խմբի համանախագահներին՝ ձեռնարկելու անհրաժեշտ քայլեր` ուղղված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիարժեք մասնակցության ապահովմանը բանակցային գործընթացի բոլոր փուլերին:

Back to top button