Քաղաքական

Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում կարճատև զրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում ներկա է գտնվել և ելույթ է ունեցել Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերին մասնակցող երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Արմենպրեսի հաղորդմամբ՝ Էդվարդ Նալբանդյանը նաև կարճատև զրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ։

Աֆղանստանում տիրող իրավիճակին և միջազգային հանրության անելիքներին նվիրված հանդիպմանը մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ և Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերին մասնակցող շուրջ հինգ տասնյակ երկրների ԱԳ նախարարներ:

Իր ելույթում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ միջազգային հանրության կողմից հետևողական ջանքեր են գործադրվել Աֆղանստանում անվտանգության և կայունության հաստատման համար, և այժմ, երբ երկրում անվտանգության ապահովման գործառույթը փոխանցվել է Աֆղանստանի անվտանգության ազգային ուժերին, կարևոր է նրանց համապատասխան օգնության ցուցաբերումը իրենց առաքելությունն արդյունավետ իրականացնելու համար։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ Աֆղանստանում ի հայտ եկած հետընտրական բարդությունները հնարավոր կլինի հաղթահարել կառուցողական, կողմերի համար ընդունելի եղանակով՝ ճանապարհ հարթելով երկրում կայունության հաստատման և անվտանգության ապահովման համար։

Նախարար Նալբանդյանն իր խոսքում վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը շարունակելու օժանդակությունը Աֆղանստանում անվտանգության և ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող միջազգային հավաքական ջանքերին:

Back to top button