Հասարակություն

«Ես կարող եմ աշխատել». աշխատող հաշմանդամների թիվը հասել է մի քանի հարյուրի

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

 «Ես կարող եմ աշխատել. արդարությունը ձեր ձեռքերում է». Հայաստանում աշխատանքի տեղավորման լուրջ խնդիրներ ունեցող հաշմանդամներն ընդունել են այս կարգախոսը։ Նախկինում միայն սոցիալական աջակցության սպասող խմբի անդամներն այսօր ցանկանում են դառնալ հասարակության լիիրավ անդամ` բոլոր իրավունքներով: Այսինքն` ձեռքերը ծալած նստելու փոխարեն ցանկանում են տեղավորվել աշխատանքի: Արդեն աշխատող հաշմանդամների թիվն այսօր արդեն մի քանի հարյուրի է հասնում. հավաքարարից մինչեւ տնօրեն: Հաշմանդամը կարող է անել ցանկացած աշխատանք եւ դա արդեն հասկացել է գործատուների մի մասը, ասում են հաշմանդամների խնդիրներով զբաղվողները:

«Սահմանափակ հնարավորություններով մարդիկ». որոշ ժամանակ առաջ էթիկայի սահմաններում համարվող այս ձեւակերպման դեմ պայքարում են հաշմանդամություն ունեցող մարդիկ: Պնդում են՝ այդ ձեւակերպումն իրենց չի վերաբերվում: «Սահմանափակ հնարավորությունները սահմանափակում են նաեւ գործատուի մոտ պատկերացումը, թե մարդ ինչ կարող է անել»,- ասում է «Ունիսոն» ՀԿ ղեկավար Արմեն Ալավերդյանը։

Նրա ներկայացմամ՝բ այսօր արդեն փոխվում են հասարակության մեջ հաշմանդամների հանդեպ եղած կարծրատիպերը եւ գործատուների, եւ հաշմանդամների մոտ: Նույնիսկ փոխվել է հաշմանդամների «Ունիսոնին» ուղղվող նամակների բովանդակությունը։ «Եթե մի քանի տարի առաջ մեզ դիմում էին սոցիալական, ֆինանսական աջակցության, անվասայլակ ստանալու եւ զուտ սոցիալական խնդիրներով, հիմա մեր այցելուների եւ զանգերի մեծ մասը վերաբերում է աշխատանքին»,- ասում է Արմեն Ալավերդյանը։

Հաշմանդամները ցանկանում են աշխատել, բայց որքանով է գործատուն` թե պետական, թե մասնավոր հատվածում, պատրաստ հաշմանդամ աշխատակից ունենալ։ Հաշմանդամներին աշխատանքի տեղավորելու հարցերով այսօր լրջորեն զբաղվում է «Save the children» կազմակերպության «Life» ծրագիրը: Ծրագրի տնօրեն Ջինա Սարկիզովան ասում է. «Հնարավոր չէ պատկերացնել մասնագիտությունների եւ զբաղվածության բազմազանությունը՝ հավաքարարից մինչեւ տնօրեն»։

Նույնիսկ սպորտի ոլորտում արդեն կան աշխատանքի տեղավորվածներ: Այսքանը բավարար չէ, հաշմանդամներն արդեն կանգնել են սեփական բիզնեսը հիմնելու ճանապարհին։ «Ճանբարակ քաղաքում սրճարան չկար եւ քաղաք այցելողը տեղ չուներ, որտեղ կարող էր սնվել: Հիմա բացել են սրճարան, որտեղ աշխատելու են հաշմանդամություն ունեցող 12 անձինք: Սեւանում հրուշակեղենի արտադրամաս է բացվում, որտեղ արտադրելու են Գավառի փախլավա: Վանաձորի քաղաքապետարանին կից կանաչապատման բրիգադ է, որտեղ արդեն այսօր ներգրավված են հաշմանդամություն ունեցող 14 անձիք: Սպիտակում ձեռնամուխ ենք եղել ջերմոցի կառուցմանը, որտեղ 15 մարդ կանցնի աշխատանքի: Այդտեղ ստացված բերքը` հիմնականում բանջարեղենը, գնվելու է քաղաքապետարանի կողմից եւ բաժանվելու է մանկապարտեզին եւ ծերանոցին: Փաստորեն՝ արդեն համընկնում է քաղաքի հետաքրքրությունը, քաղաքի բնակչության կարիքը եւ հաշմանդամություն ունեցող անձի աշխատանք ունենալու իրավունքը»,- ասում է Սարգիզովան։

Սրանք հաջողված պատմություններ են, որոնք կան նաեւ անհատների կյանքում: 2012 թվականից մինչ օրս մշտական աշխատանքի է տեղավորվել հաշմանդամություն ունեցող 275 անձ: Սա այն դեպքում, երբ աշխատանքի տեղավորման խնդիրն այսօր ողջ հանրապետությունում է մեծ խնդիր: «Life» ծրագիրը հասել է նրան, որ արդեն կան հավատարիմ 17 գործընկեր-գործատուներ: Շատ գործատուների համար էլ այսօր այլեւս ոչինչ կարեւոր չէ. միայն պահանջում են լավ մասնագետ: Այդ ուղղությամբ էլ է աշխատանք տարվում` հաշմանդամ երիտասարդների համար կրթությունը մատչելի դարձնելու համար։

Ինչ վերաբերում է խնդրին, թե ինչպես են աշխատող հաշմանդամները հասնում իրենց աշխատավայր, ապա հարցը լուծվել է այսպես. «Life» ծրագիրը աջակցում է հատուկ ավտոբուսներով: Ուրախալի լուր է, որ արդեն Երեւանում գործում է 1-2 տաքսի ծառայություն` հարմարեցված հաշմանդամների համար: Երեւանում լուրջ ակնկալիք կա, որ այս տարի կունենանք 10 ավտոբուս, որոնք մատչելի են սայլակ օգտագործող անձանց համար: Դա, իհարկե, շատ քիչ է, բայց լավ նախադեպ կլինի»։

Վերջում մի վիճակագրություն՝ Հայաստանում պաշտոնապես գրանցված 194 հազար 768 հաշմանդամից անվասայլակներից օգտվողները մինչեւ հինգ հազարն են։

Back to top button