Հասարակություն

Արձանագրվել է մենինգիտի 38 դեպք

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Հայաստանում  մարտ և հունիս ամիսներին նկատվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված շճային մենինգիտների ակտիվացում: Այս ընթացքում արդեն մեր հանրապետությունում գրանցվել է սուր մենինգիտների 38 դեպք, բոլորն էլ հոսպիտալացվել են: Բժիշկների հավաստմամբ` հիվանդությունը բուժվում է արագ և հիվանդները առավելագույնը հիվանդանոցում մնում են 10 օր:

 Էնտերովիրուսային վարակով պայմանավորված մենինգիտ: Հիվանդությունն  արտահայտվում է բարձր ջերմությամբ, գլխացավով, ընդհանուր թուլությամբ և փսխումներով: Էնտերովիրուսային վարակները սուր վարակիչ հիվանդությունների խումբ են, որոնք բնութագրվում են տենդով և կլինիկական ախտանշաններով` պայմանավորված կենտրոնական նյարդային, սիրտանոթային, շնչառական, ստամոքսաղիքային համակարգերի ախտահարմամբ: Հիվանդության վարակի աղբյուր կարող է լինել հիվանդ մարդը կամ առողջ բացիլակիրը, տեղեկացնում է ԱՆ հիվանդությունների վերահսկման  և կանխարգելման ազգային կենտրոնի իմունիզացիայի բաժնի ավագ մասնագետ Մարինե Կիրակոսյանը և նշում, որ հիվանդության գաղտնի շրջանը 1- 10-ը օր է:  

Այս հիվանդությունով այսօր Հայաստանում մինչև 18 մասնավորապես տարեկանների շրջանում  արձանագրվել է 38 դեպք: «Մենք չունենք խմբակային հիվանդացության դեպքեր, սրանք եզակի դեպքեր են, որոնք արձանագրվել են տարբեր տարածաշրջաններում, բոլոր հիվանդները հոսպիտալացված են»,- ասում է Մարինե Կիրակոսյանը։

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բուժում  է ստանում 5 տարեկանից բարձր  6 երեխա:  Հիվանդանոցի տնօրեն Վիկտոր Դալլաքյանի վստահեցմամբ` ոչ ծանր ընթացքով դեպքեր են և 6 օր բուժում ստանալուց հետո  լիարժեք առողջանում են:

Հիվանդությունը փոխանցվում է կղանքաբերանային և օդակաթիլային ճանապարհով, իսկ այս հիվանդությունից զերծ մնալու համար մասնագետը  խորհուրդ է տալիս հաճախակի լվանալ ձեռքերը, պահպանել հազի և փռշտալու հիգիենան, օգտագործել լվացած միրգ ու բանջարեղեն, խուսափել այս վարակով հիվանդներից, հաճախակի օդափոխել բնակարանն ու այն  խոնավ մաքրել:

Առողջապահության նախարարությունը հիվանդությունը կանխարգելելու ուղղությամբ իրականացնում է հակահամաճարակային միջոցառումներ` էնտերովիրուսային վարակները կանխելու և հիվանդությունը վերահսկելու համար:

Back to top button