Հասարակություն

Աջարիայի հայ համայնքը կդիմի տեղի իշխանություններին` հայ-վրացական մանկապարտեզ հիմնելու հարցով

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի

Աջարիայի հայ համայնքը մտադիր է դիմել տեղի իշխանություններին`  հայ-վրացական մանկապարտեզ հիմնելու  հարցով: Համայնքի ներկայացուցիչները  մտահոգված են. հայերն այստեղ հիմնականում ռուսական կրթություն ունեն, լավ չեն տիրապետում մայրենիին ու պետական լեզվին:  Իսկ մակապարտեզի հիմնումը կարող է  լուծում տալ այս հարցերին:  

Աջարիայում  այսօր մնացել է մոտ 10 հազար հայ, որոնցից 8 հազարը բնակվում է Բաթումում: Համայնքային կառույցները Հայ Առաքելական եկեղեցու աջակցությամբ ամեն ինչ անում են, որ հայերն այստեղ պահպանեն իրենց ինքնությունը, ազգային ավանդույթները,   կրոնը, լեզուն ու մշակույթը:  Բաթումի «Սուրբ Փրկիչ»  եկեղեցում արդեն մի քանի տարի է ինչ  գործում է կիրակնօրյա դպրոց, որտեղ տեղի հայերը սովորում են հայերեն գրել ու  կարդալ:

Սակայն այդուհանդերձ  վրացական դպրոցի հայկական բաժինը փակման վտանգի առջև էկանգնած, քանի որ արդեն մի քանի տարի է ինչ առաջին դասարան չի բացվում:  «Ռադիոլուրի»  հետ զրույցում  Աջարիայի հայ համայնքի մամուլի քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ իրենք մտահոգված են հայկական այս բաժնի  պահպանմամբ. «Ոչ միայն Աջարիայում, այլև ողջ  Վրաստանում ապրող հայերս կարծես դարձել ենք այսպես ասած խաբուսիկ եռանկյունու զոհեր, որովհետև լինելով հայ,  օրինակ Աջարիայում, շատերը  չեն  տիրապետում իրենց  մայրենիին. ռուսախոս են և դրան զուգահեռ  բավարար մակարդակով չգիտեն նաև երկրի  պետական լեզուն` վրացերենը: Գտնվելով նման եռանկյունում, կարծում եմ, որ սա փակուղի է և պետք է ժամանակին կողմոնոշվել» :

Զրուցակիցս, որ նույնպես ռուսական կրթություն է ստացել, այսօր կտրականապես դեմ է, որ ծնողները իրենց երեխաներին ռուսական դպրոց տանեն:  Մենք պետք է նախապատվությունը տանք մեր մայրենիի ու պետական լեզվի զարգացմանը. դրանք զուգահեռաբար պետք է սովորել մանկուց:  Այդ նպատակով Հովհաննիսյանը կարծում է, որ պետք է ստեղծել հայ-վրացական մանկապարտեզ. «Այդ մանկապարտեզը հիմք կծառայի, որպեսզի  հայկական առաջին դասարաններ բացվեն: Իսկ եթե անգամ մանկապարտեզն ավարտողներից ոմանք  վրացկան դպրոց կհաճախեն, ապա կարող ենք արձանագրել, որ նրանք  տիրապետում են հայերենին ու զարգացնում նաև վրացերենը` երկրի պետական լեզուն: Եվ այս հարցում պետք է պետական աջակցություն. քանի որ  պետությունը  պետք է շահագրգռված լինի իր ոչ վրացի քաղաքացիների լիարժեք ինտեգրման հարցով, իհարկե դա չպիտի լինի ագային արմատներից հեռանալու հաշվին» :

Back to top button