Հասարակություն

Այսօր թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրն է

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Այսօր թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այն եւս մեկ առիթ է` խոսելու մեր երկրում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի խնդիրների մասին: Օրվա առթիվ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության առաջին բաժնի պետի տեղակալ Տիգրան Սահակյանն է ներկայացրել իրավիճակը մեր երկրում, մատնանշել վիճակագրական որոշ տվյալներ: Ըստ նրա` Հայաստանը, որոշ դեպքերում, փորձ է արվում օգտագործել նաեւ որպես տրանզիտային ճանապարհ: Տիգրան Սահակյանի խոսքով` նախորդ տարվա համեմատ` հայտնաբերված դեպքերի աճ է արձանագրվել: Նախորդ տարվա 5 ամիսներին հայտնաբերվել է 331 դեպք, այս տարվա անցած 5 ամսիներին` 443 դեպք: Հայտնաբերման դեպքերի թիվն աճել է 112-ով:

Թմրանյութերի ապօրինի շրջանառությունն աճման միտում է արձանագրում ամբողջ աշխարհում: Այս չարիքի դեմ պայքարը մեծ ու փոքր պետությունների գերխնդիրներից մեկն է: Ավելորդ չէ հիշեցնել, որ այն սպառնում է մարդկության ֆիզիկական ու բարոյական կենսունակությանը: Հաշվի առնելով հենց այդ հանգամանքը` ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 1987 թվականի դեկտեմբերի 7-ին ընդունած բանաձեւով հունիսի 26-ը հռչակել է թմրամոլության դեմ պայքարի միջազգային օր: Թմրամոլության դեմ պայքարը ժամանակակից աշխարհում պահանջում է միասնական մոտեցում: Այդ պայքարից անմասն չէ նաեւ Հայաստանի Հանրապետությունը:

«Ոստիկանության կողմից նաեւ հսկողություն է իրականացվում բուժման ծրագրում ընդգրկված անձանց նկատմամբ: Ներկայումս այդ ծրագրում հաշվառված է 264 անձ, որից 230-ը` Երեւանում, 22-ը` Վանաձորում, իսկ 12-ը` Գյումրիում: Նախատեսվում է նաեւ նման ծրագիր բացել Սյունիքի մարզում»:

«Այս տարվա անցած 5 ամիսներին ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացվել են մի շարք օպերատիվ-կանխարգելիչ եւ կազմակերպչական միջոցառումներ` թմրամոլության կանխարգելման նպատակով»,-ասաց Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության առաջին բաժնի պետի տեղակալ Տիգրան Սահակյանը: Նրա փոխանցմամբ` այս տարեսկզբից որպես հիմնական թիրախ է ընտրվել մեր երկիր թմրանյութերի ներմուծման կանխումը:
«5 ամիսների ընթացքում իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել է թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության 443 դեպք: 244-ը թմրանյութերի ապօրինի իրացման դեպքեր են, իսկ 199-ը` ապօրինի շրջանառություն` առանց իրացման նպատակի»:

Այս գործերով պատասխանատվության է ենթարկվել 166 անձ, որից 5-ը` այլ պետությունների քաղաքացի` տեղեկացրեց ոստիկանության ներկայացուցիչը: Տիգրան Սահակյանի փոխանցմամբ` անցած 5 ամիսների ընթացքում առգրավվել է 859 կգ 527 գրամ տարբեր տեսակի թմրանյութ: Այս թվում առյուծի բաժինը` 850 կգ 191 գրամը հերոյին է: Հիշեցնենք` սա Իրան-Հայաստան սահմանին հայտնաբերված եւ առգրավված հերոյինի աննախադեպ խմբաքանակն է, որի մասին մամուլում բազմիցս հրապարակումներ են եղել: Օրերս էլ մամուլում հրապարակում եղավ այն մասին, թե տվյալ խմբաքանակի հերոյինի ավելի քան 700 կիլոգրամը թմրանյութ չի եղել: Ոստիկանության ներկայացուցիչը հերքեց մամուլի հրապարակումները: Նա նշեց նաեւ, որ այլ մանրամասներ տվյալ գործով չի կարող հայտնել, քանի որ գործը գտնվում է ազգային անվտանգության ծառայության վարույթում:

Back to top button