Հասարակություն

«Բարեփոխումների» հերթական բեռը

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Էլեկտրաէներգիայի սակագնի առաջիկա թանկացման նախաձեռնողները ի պատասխան բողոքների ակնակում են, որ թանկացումը աննկատ է լինելու ընտանեկան բյուջեի համար: «Հազար դրամը, իրոք, չնչին է»,- ասում է սպառողների իրավունքների պաշտպան Արմեն Պողոսյանը, բայց խորհուրդ է տալիս հաշվարկել, թե նախկինում այդ քիչ-քիչ թանկացումները ինչի են բերել: Վիճակագրական հաշվարկները ցույց են տալիս, որ որ միջին ընտանիքի եկամուտներից 60-65 տոկոսը գնում է սննդի վրա, մոտ 30 տոկոսը բաժին է ընկնում հանրային ծառայությունների վճարմանը` ջուր, էլէներգիա եւ այլն: Արդյունքում` պարզապես ապրելու համար գումար չի մնում: Այս ֆոնին, սակայն, կա մի իրադարձություն, որից գոհ են ՀԿ-ները եւ հասարակությունը: Կարծում են. հասարակական ընդվզումն ու ճնշումը բերեց նրան, որ վերանայվեցին ճանապարհային կանոնների խախտումների համար նախատեսվող տուգանքները:

Բոլոր «բարեփոխումները», որոնք վերջին շրջանում իրականացնում են խորհրդարանն ու Կառավարությունը շատ, թե քիչ, բայց առնչվում են շարքային քաղաքացու գրպանին: Այդպես էր ճանապարհային կանոնների խախտումների համար նախատեսվող տուգանքների դեպքում, այդպես է էլեկտրաէներգիայի սակագնի սպասվող թանկացման եւ շղթայական այլ թանկացումների դեպքում: Էլեկտրաէներգիայի սակագնի պարագայում թեեւ նշվում է, որ հաշվարկների համաձայն ընտանեկան բյուջեի վրա այս թանկացումը կնստի հազար դրամ մեկ ամսում, բայց սպառողների իրավունքների պաշտպան Արմեն Պողոսյանը հավատացած է. նույնիսկ այդ բեռը այսօր շատ ծանր է հայաստանցու համար:

«Իրոք, որ հազար դրամը մեծ ճնշում չէ, բայց մինշտ մոռանում են, որ այս թանկացմանը նախորդել է մեկ այլ թանկացումը, նրան` մեկ ուրիշ եւ հաջորդելու է` մեկ ուրիշ: Իսկ, եթե նայում ենք ավելի լայն ժամանակահատվածում տեսնում ենք, որ ահավոր թվեր են: Հաշվարկները վիճակագրական ցույց են տալիս, որ միջին ընտանիքի եկամուտներից 60-65 տոկոսը գնում է սննդի վրա, մոտ 30 տոկոսը գնում է հենց հանրային ծառայությունների վճարմանը` ջուր էլէներգիա եւ այլն: Եվ ինչ մնաց ապրելու համար: Սա չեղավ ապրել»:

Այս ֆոնին սակայն նաեւ դրական զարգացում կա` որոշ դեպքերում կրկին առնչվում է հազար դրամներին: Խոսքը` Վարչական իրավախախտումների մասին օրենքում արված փոփոխությունների մասին է, որոնք հիմնականում թեթեւացնում են ճանապարհային կանոնների խախտման համար նախատեսված տուգանքները: «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանի գնահատմամբ` «լավ են արել, բայց քիչ են արել»:

«Էական նշանակություն կունենա վարորդների համար այն, որ առաջին 10 կիլոմետր գերազանցելու դեպքում վարորդը կտուգանվի ամեն մի կիլոմետրի գերազանցելու համար հազար դրամ: Վիճակագրությունն ասում է, որ հիմնականում մոտ 70-80 տոկոսը հենց այդ սանդղակն է կազմում»:

Ավտովարորդների իրավունքների պաշտպան Էդուարդ Հովհաննիսյանը միաժամանակ նաեւ գոհ է Վարչական իրավախախտումների մասին օրենքով նախատեսված որոշ տուգանքների խստացումից:

«Խստացումներ եղան եւս ծխելու, խոսելու եւ տարբեր առարկաներ մեքենայից նետելու համար: Մենք կողմ ենք դրան: Ճիշտ է վիճակագրություն չկա, բայց սոցիալական հարցում կա: Մարդիկ, երբ չեն ներկայանում, վթարի դեպքի մասին ոչ պաշտոնապես ասում են. այո` ծխել է, այո` խոսել է»:

Վերադառնալով սպառողների գրպանին առնչվող թանկացումների խնդրին` հատկապես այն պնդումներին, թե չնչին թանկացում է արվում Արմեն Պողոսյանը խորհուրդ է տալիս նախ հաշվարկել թե նախկինում այդ քիչ-քիչ թանկացումները ինչի են բերել:

Ագրեսիվ գնաճը մեղմելու առումով հասարակական կազմակերխպությունների ներկայացուցիչներն, ի դեպ` բազմաթիվ առաջարկներ ունեն, հնչեցրել են, ուղարկել են համապատասխան կառույցներ, բայց հաշվարկները եւ առաջարկվող նոր մեթոդներն այդպես էլ մնում են անպատասխան:

Back to top button