Հասարակություն

Հունան Ավետիսյանի կիսանդրին՝ Լուկաշին գյուղի միջնակարգ դպրոցում

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր» -Արմավիրի մարզ

Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի միջնակարգ դպրոցում տեղադրվել է Հունան Ավետիսյանի կիսանդրին, 2 դասարան էլ կահավորովել ու անվանակոչվել են Վազգեն Սարգսյանի ու արցախյան ազատամարտիկ Խաչիկ Փոթուրյանի անվամբ:

Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի ծննդյան 100ամյակին նվիրված միջոցառումները շարունակվում են: Հոբելյանական տարում հերոսի կիսանդրին է տեղադրվել Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի նրա անունը կրող միջնակարգ դպրոցում, որտեղ բացվել է նաև նոր կահավորված Վազգեն Սարգսյանի անվան ռազմահայրենասիրական դասրանը: Հենց Լուկաշին գյուղից էլ պատերազմ է մեկնել Հունան Ավետիսյանը, այնտեղ մինչև օրս ապրում է հերոսի միակ որդին ու իր ընտանիքը:

Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի միջնակարգ դպրոցում զինվորական շարասյունը օրհներգով մեկնարկում է Հունան Ավետիսյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ դպրոցում տեղադրված հերոսի կիսանդրու բացումը: Դպրոցն արդեն 4 տարի է, որ անվանակոչվել է Հունան Ավետիսյանի անվամբ, թեև տեղացիները պնդում էին, որ մինչև խորհրդային միության փլուզումը դպրոցը կրել է նրա անունը: Լուիկաշինի միջնակարգ դպրոցի տնօրեն Գոհար Մարգարյանը այս նույն դպրոցի սանն է եղել և հիշում է, որ պիոներական բոլոր միոջոցառումները կազմակերպվել են Հունան Ավետիսյանի հուշարձանի մոտ:

Լուկաշին գյուղի կենտրոնում կառուցված Հունան Ավետիսյանի հուշարձանի մոտ են անցկացնում նրա ծննդյան, սխրագործության , ինչպես նաև գիտելիքի օրվան նվիրված միջոցառումները: Միջնակարգ դպրոցում կիսանդրու տեղադրման մտահղացումը ռուսաստանաբնակ բարերար Հրաչյա Պողոսյանինն է, ով հետաքրքրված է մեր ազգի պատմության և մշակույթի վերածնունդով:

Հունան Ավետիսյանի սխրագործության օրը` 1943 թվականի սեպտեմբերի 16-ը, անմահացել է ԽՍՀՄ պատմության մեջ, օրը հիշարժան է նաև Կրասնոդարի երկրամասի Վերխնեբականսկի , այժմ Նովոռոսիյսկի շրջանում, որտեղ ամեն տարի մեծ շուքով է նշվում հերոսի սխրագործությունը: Բարերար Հրաչյա Պողոսյանը հունիսի 20-ին Հունան Ավետիսյանի մեկ հուշարձան էլ տեղադրել է նրա ծննդավայր Սյունիքի մարզի Ծավ գյուղում: Լուկաշինի դպրոցում բարեգործությամբ կահավորվել է 2 դասարան, որից նախնական զինվորական պատրաստվածության դասարանն անվանակոչվեց Վազգեն Սարգսյանի անվամբ, իսկ պատմության դասարանը` դպրոցի նախկին սան, զոհված ազատամարտիկ Խաչիկ Փոթուրյանի անվամբ:

Հունան Ավեսիսյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է հերոսի անունը կրող պուրակում: Հունան Ավետիսյանի միակ որդին Հենզելը 2 ամսական է եղել, երբ իր հայրը մեկնել էր ռազմաճակատ, այժմ հպարտանում է հոր սխրագործությամբ: Հպարտության զգացումով է լցված նաև պապի անունը կրող ծոռը:
Նոր սերունդը հայրենասիրության ու արիության դասերը պատմությունից է քաղում, այս կարծիքին է պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը , ով սիրով է ստանձնել հոբելյանական միջոցառման պատվավոր գործը:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կողմնակից է այսօրինակ միջոցառումների անցկացմանը, քանի որ այս կերպ երիտասարդների մեջ ամրապնդվում է հայրենասիրությունը, իսկ յուրաքանչյուր հերոս արժանի է հիշատակման: Հունան Ավետիսյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ պարգևներ ու մեդալներ հանձնվեցին Հայրենական մեծ պատերազմի և արցախյան ազատագրական պայքարի մասնակիցներին:

Back to top button