Հասարակություն

ՀՀ վարչապետն այցելել է Արցախի պաշտպանական բանակի առաջապահ դիրքեր

Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի, ԼՂՀ պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի, ինչպես նաև Հայաստանի և Արցախի կառավարությունների անդամների ուղեկցությամբ այցելել է Արցախի պաշտպանական բանակի առաջին գիծ՝ պետական սահմանագիծը պահող պաշտպանական տեղամասերից մեկը:

Հանրապետության վարչապետը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորներին և հրամանատարներին, շրջայց կատարել մարտական հենակետում, ծանոթացել ծառայության անցկացման և կենցաղային պայմաններին, ճաշել զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց մարտական և հոգեբանական պատրաստվածությամբ: ՀՀ կառավարության ղեկավարը նվերներ է հանձնել մարտական հենակետը պաշտպանող բոլոր զինծառայողներին՝ անձնվիրությամբ և խիզախությամբ հայրենիքին ծառայելու համար: Մարտական առաջին գծում ծառայությունն ավարտած երկու զինծառայող զորացրվել են և Հովիկ Աբրահամյանի առաջարկությամբ իր հետ վերադարձել տուն:

Լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Աբրահամյանը բարձր է գնահատել զինծառայողների մարտական պատրաստականությունը և հոգեբանական վիճակը, ինչպես նաև գոհունակություն հայտնել զինծառայողների կենցաղային պայմաններից և սնունդից: «Շատ կարևոր է լինել զինվորների կողքին, լսել և տեղում ծանոթանալ նրանց բոլոր խնդիրներին: Այս անգամ ավելի շատ զգացի, որ զինվորների մոտ կա խանդավառություն, վստահություն և, ամենակարևորը, վիճակը լավ է: Նրանք արժանապատիվ գործ են անում՝ պաշտպանում են իրենց հայրենիքի սահմանները, ծնողներին, ընտանիքը: ԼՂՀ պաշտպանական բանակի հրամանատարը՝ պաշտպանության նախարարը սրտացավ է և մանրակրկիտ տիրապետում է ամեն ինչին: Որպես պետություն՝ պարտավոր ենք ավելի լավ պայմաններ ստեղծել զինվորների ծառայության համար: Ծառայությունն այս վտանգավոր մարտական դիրքում, երբ մի քանի հարյուր մետր այն կողմ թշնամու դիպուկահարներն են, մեծ զգուշություն և զգոնություն է պահանջում զինվորներից: Համոզված եղեք, որ մեր հայրենիքի պաշտպանների նկատմամբ մշտական ուշադրությունը, ուսուցողական աշխատանքը, վստահության ձևավորումը շարունակական են լինելու», — ասել է վարչապետը: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ անվտանգության ապահովումը մեր երկրի գերակա խնդիրն է և կարևորել է պետական բարձրաստիճան այրերի պարբերական այցերը մարտական դիրքեր: «Զինվորը պետք է հասկանա, որ իր թիկունքում կա պետություն, կա ժողովուրդ, ով գնահատում է իր ծառայությունը, ազգանվեր գործը: Աստված խաղաղություն տա մեր երկրին», — հավելել է ՀՀ կառավարության ղեկավարը:

Այնուհետև Հայաստանի վարչապետն այցելել է ԼՂՀ պաշտպանական բանակի N զորամաս, զրուցել զինծառայողների և սպայական անձնակազմի հետ, ծանոթացել ծառայողական և կենցաղային պայմաններին: Զինծառայողներին ուղղված ողջույնի խոսքում Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, նշել է. «Ցանկանում եմ վստահեցնել ձեզ, որ մենք շատ բարձր ենք գնահատում յուրաքանչյուր զինվորի և սպայի ծառայությունը: Զինծառայողների հետ զրույցի ընթացքում զգացինք, թե ինչ անձնվիրությամբ են նրանք ծառայում՝ պաշտպանելով մեր Արցախի անվտանգությունը: Վստահ եղեք, որ իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի ձեր ծառայությունը լինի ավելի որակյալ: Մենք կանդրադառնանք բոլոր այն խնդիրներին, որոնք կներկայացվեն մեր զինվորների, սպաների, հրամանատարների կողմից: Բոլորդ պետք է հասկանաք, որ Հայաստանի անվտանգությունն սկսվում է Արցախի անվտանգությունից: Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ: Համոզված եղեք՝ մենք ձեր կողքին ենք լինելու և բարձր ենք գնահատում ձեր ծառայությունը»:

Զինվորական բարձր կարգապահությամբ և պարտաճանաչությամբ աչքի ընկնելու համար ՀՀ կառավարության ղեկավարը մի խումբ զինծառայողների և հրամանատարների նվիրել է ժամացույց և կենցաղային տեխնիկա:

Արցախի պաշտպանական դիրքեր այցելությամբ ավարտվել է Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: ՀՀ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր կվերադառնա Երևան:

Կարդացեք նաև
Close
Back to top button