Ինչպես խուսափել սննդային թունավորումներից. մասնագետի խորհուրդները


Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»
Ինչ անել ամառը իսկապես վայելելու եւ հիվանդանոցում չհայտնվելու համար, ինչ ուտել սննդային թունավորումներից խուսափելու համար, ինչպես սնվել եւ ինչ քանակությամբ հեղուկ օգտագործել։ Հիմնական խորհուրդներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տվել է բժիշկ-սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը:
Ամառը սիրում են ոչ միայն մարդիկ, այլեւ մանրէներն ու սնկերը, հիշեցրեց բժիշկ-սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը եւ տվեց այն հիմնական խորհուրդները, որն անհրաժեշտ է հիշել տարվա այս եղանակին: Ձեռքերը լվանալ ամենաքիչը 20 վայրկյան, լվանալ մինչեւ արմունկները, ցանկալի է օճառով, մրգերն ու բանջարեղենն օգտագործելուց առաջ մանրակրկիտ լվանալ, ճաշ պատրաստելիս մսի տախտակն առանձնացնել բանջարղենի տախտակից, ճաշի պատրաստման մակերեսը՝ սեղանը կամ տախտակը, պետք է տարբեր լինի հում եւ եփված սննդի համար:
Ինչ եւ երբ ուտել, ամենօրյա կարծես հասարակ հարցի պատասխանը եւս տվեց մասնագետը. պետք է փոխել օրվա ռեժիմը, ուտել հիմնականում տանը եւ ցանկալի է առավոտյան եւ երեկոյան՝ հով ժամերին, զերծ մնալ չպաստերիլիզացված կաթնամթերքի եւ թերխաշ ձվի օգտագործումից: Քաղցը հագեցնելու համար պաղպաղակի փոխարեն մասնագետը խորհուրդ է տալիս ուտել հացահատիկ, երկրորդ եւ երրորդ սորտի ալյուրով պատրաստված հաց, երեկոյան էլ՝ բանջարեղեն եւ մսի դիետիկ տեսակներ, կարելի է նաեւ սպիտակուցների պաշարը լրացնել բուսական սպիտակուցներով՝ ընկույզով ու լոբազգիներով:
Եւ ամենակարեւոր հարցը՝ որքան ջուր խմել եւ ինչ ըմպելիքներ օգտագործել. «Խմել օրական 2- 3 լիրտ ջուր, չխմել գազավորված քաղցր ըմպելիքներ»: