Տնտեսական

Երկրի ունեցվածքը ուրիշին տալը սխալ է.տնտեսագետ

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի բերած փաստարկները հիմնավոր չեն: լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ խոսելով թեմայի շուրջ` հայտարարել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Նրա այս կարծիքը կիսել է նաեւ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Տնտեսագետները խոսել են նաեւ Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի վերաբերյալ Հայաստանի երկրորդ նախագահի տված գնահատականի մասին: Նույն թեման այսօր բանավեճի առարկա է դարձել նաեւ լրագրողների հետ Գառնիկ Իսագուլյանի եւ Աղասի Արշակյանի հանդիպման ժամանակ:

Ընդհանրապես երկրի ունեցվածքը ուրիշին տալու մոտեցումը սխալ է` ասում է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը` անդրադառնալով Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի վերաբերյալ Հայաստանի երկրորդ նախագահի` օրերս տված գնահատականներին:
«Բոլոր դեպքերում պետք է առաջնորդվել մի բանով` որն է հասարակության շահը, երկրի շահը: Եթե դա չկա, անիմաստ է խոսելը, թե ՀԷԿ-ը ռուսներին տալը լավ է, ամերիկացիներին տալը` վատ»:
Սակայն, միանշանակ է, որ երկրորդ նախագահի ասածում նորություն չկա` ասվել է այն, ինչը որ 1000 տոկոսանց ճշմարտություն է եւ ինչի մասին գիտե ամբողջ հանրությունը` նշեց Վարդան Բոստանջյանը: Յուրաքանչյուր քաղաքացի կարող է արտահայտվել եւ դա սա բնական է – նկատեց Աղասի Արշակյանը` հավելելով.«Եթե դա գնահատենք որպես ինքնապաշտպանություն, այսինքն` ինքը փորձում է արդարացնել նախագահ եղած ժամանակ իր ինչ-որ արարքները, դա նույնպես բնական է»:

Երկրորդ նախագահի օրոք կատարված «Գույք պարտքի դիմաց» գործարքի վերաբերյալ հիշեցումներ եղան: Այդ գործարքով, Աղասի Արշակյանի ձեւակերպմամբ, հիմք դրվեց այսօրվա թշվառության: Նախկին նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Գառնիկ Իսագուլյանի արձագանքը լսենք.  «Գործարքը բաց է եղել, թափանցիկ: Փառք Աստծո, հիմա ինքը իշխանության գլուխ չի եւ մարդիկ, ովքեր կասկած ունեն, կարող են բացել-նայել: Մարդը /հեղ.-Ռոբերտ Քոչարյանը/ ասում է, որ էս գործարքը /հեղ.-Որոտան կասկադի/ մութ է եւ էս փաստերը, որ առկա են, դրանք անհանգստության պատճառ են հանդիսանում»:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը երկրորդ նախագահի հնչեցրած գնահատականները եւ դրանց տրված պատասխանները մեկնաբանել չցանկացավ: Առավել մտահոգիչը համարեց տնտեսության ներկա վիճակը: Նրա համոզմամբ` խախտված է ազատ մրցակցությունը: Ռազմավարական նշանակության ոլորտները օտարերկրյա ներդրումներով կախվածության մեջ պահելը համարեց մոլուցք: Այնինչ` կարելի է բաժնետիրական ընկերություն դարձնել եւ բաժնետոմսերը վաճառել երկրի բնակչությանը:

«Վերջապես պետք է սթափվել, ուշքի գալ. Պետք է խթանել ներքին ներդրումները: Իսկ ժամանակավորապես ազատ դրամական միջոցներ Հայաստանում մոտենում են ՀՆԱ-ի գումարին: Այն դեպքում, երբ մենք դրա կիսով չափ արտաքին պարտք ենք կուտակել եւ դեռ մտահոգվում ենք, թե ինչպես պետք է մարենք: Այսինքն` նախորդ տարիներին տնտեսության բավական ապաշնորհ ղեկավարում, կազմակերպում է տեղի ունեցել, որին պետք է վերջ տրվի»:

Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փաստարկներին, տնտեսագետ Վարդան Բոստանջյանի գնահատմամբ, դրանք հիմնավոր չեն: Ամենամեծ փաստարկներից մեկն այն է, որ ոլորտում աշխատում են գերշահույթներով եւ դա ապացուցելը դժվար չէ` գազի եւ էլեկտրաէներգիայի ոլորտում առկա է ամենամեծ շրջանառությունը: Տնտեսագետի դիտարկմամբ` թանկացումները կշարունակվեն. «Էդպես կշարունակվի այնքան, մինչեւ հանրապետությունն ամբողջությամբ դատարկվի»:

Կարդացեք նաև
Close
Back to top button