Մշակույթ

Գրողների միությունը նշում է կազմավորման 80- ամյակը

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Այս տարի լրանում է Գրողների միության կազմավորման 80-ամյակը: Հոբելյանը մեր մտավորականները կնշեն հուլիսի 4-ին Հակոբ Պարոնյանի անվան դրամատիկական թատրոնում:  Իսկ մինչ այդ  հոբելյանի շրջանակներում հուլիսի 2-ին Գրողների միությունում տեղի կունենան նկարների ցուցահանդեսներ և արտերկրում հրատարակված հայալեզու գրողների գրքերի շնորհանդեսներ: 

Գրողների միությունը շուտով կնշի իր կազմավորման 80-ամյա հոբելյանը: Մեծ շուքով և յուրովի են մտավորականները պատրաստվում տարեդարձին: Վերջին ամիսներին Բելառուսում, Սլովակիայում և  Սերբիայում հրատարակված ժամանակակից գրողների երկերի շնորհանդեսներ,  Գրողների միության նախկին նախագահների լուսանկարների ու  ժամանակակից գրողների դիմանկարների ցուցահանդեսներ.  այսպիսին է միջոցառման օրակարգը:

Գեղանկարիչ Էդվարդ Վարդանյանը  տարիների ընթացքում  վրձնած աշխատանքները կմեկտեղի մեկ ցուցահանդեսում: Տարբեր ժամանակների գրողների դիմանկարները, որոնք հոգեհարազատ են գեղանկարչին, հուլիսի երկուսին կներկայացվի  հանրության դատին։ «Քսանմեկ գրողների դիմանկարներ եմ արել, ուզում էի ցուցադրել Գրողների միության 80-ամյակին: Ես վաղուց էի արել,  ուղղակի առիթ ստեղծվեց, տղաները խորհուրդ տվեցին, որ այդքան աշխատանք ունես արված, մի քանիսն էլ ավելացրեցի։ Իհարկե, ունեմ ավելի շատ, սակայն ընտրել եմ 21-ը»,- ասում է գեղանկարիչը։

Այս տարի Գրողների միությունը ուշադրությունը սևեռել է  հատկապես մարզային գործընկեր կազմակերպություններին օժանդակելու և նրանց հետ աշխատանքը սերտացնելու վրա: Միությունը լայնամասշտաբ գործունեություն է ծավալում ոչ միայն հայաստանյան գրողների, այլև սփյուռքահայ մտավորականներին աջակցելու ուղղությամբ: Մեծ է Հայաստանի գրողների միության ջանքերը Սփյուռքում հայ մտավորականների սերնդափոխության հարցում: Հայ գրականությունը պետք է շարունակողներ ունենա նաև դրսում, ասում է միության նախագահ  Էդուարդ Միլիտոնյանը:

Վերջին տարիներին  գաղտնիք չէ, որ Գրողների միությունում անառողջ միջավայր էր ձևավորվել, սակայն միության նախագահ Էդուրադ Միլիտոնյանը հերքում է  նման դիտարկումը՝ նշելով, որ այս տարի ստեղծվել է «Բանավեճի» ակումբը, որտեղ էլ մեկ սեղանի շուրջ քննարկվում են ստեղծագործական  տարբեր խնդիրներ: Գրողները հետաքրքրիր են հենց իրենց բանավեճերով, նշում է նա ու ավելացնում, որ կառույցն  իր հիշողություններում միշտ էլ բուռն վեճերով է պատկերվում: Սակայն դրան զուգահեռ  միությունը միշտ էլ նեցուկ է իր անդամներին:

Միլիտոնյանը համամիտ չէ այն կարծիքի հետ, որ  տպագիր մամուլը մեռնում է: Գրողի համար միևնույն է՝ ընթերցանությունը էլեկտրոնայի՞ն տարբերակով է,  թե՞ տպագիր, կարևորը կարդալն է։ Մասնակցելով աշխարհում գրքի միջազգային  բազմաթիվ ցուցահանդեսների` կարծում է, որ այսօր ընթերցողների 15- 25 տոկոսն է նախընտրում էլեկտրոնային մամուլը:

Back to top button