Վերլուծական

Ա. Իսկանդարյան. Աբխազական երկաթգիծն անհրաժեշտություն է Հայաստանի, բայց ոչ Աբխազիայի և Վրաստանի համար

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Աբխազական երկաթգծի գործարկման ոչ մի հեռանկար առայժմ չկա. Ալեքսանդր Իսկանդարյանի տեսակետն է: Քաղաքագետի համոզմամբ` այս ոլորտում չլուծված խնդիրներն այնքան շատ են, որ գոնե մոտ հեռանկարում հարցի լուծումն անհնար է։

Հայ- ռուսական կապը աբխազական երկաթգծի միջոցով  առայժմ անհնար է թե ինչ կարող է փոխվել, օրինակ, տասը տարի հետո, կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ կլիներ: Այս հարցում քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի  նման վստահությունը հիմնված է առկա իրավիճակի ու քաղաքական գործընթացների վերլուծության վրա: Մոտ հեռանկարում Աբխազական երկաթգծի գործարկումը նա անհնար է համարում մի քանի պատճառներով։ «Տեխնիկապես դա գրեթե անհնար է: Կան հազարավոր խնդիրներ. Օրինակ՝ բեռների ապահովության։ Ենթադրենք ձեր բեռը կորել է Հայաստանի, Վրաստանի կամ Ռուսաստանի տարածքում: Տվյալ դեպքում դուք գիտեք՝ ում դիմել: Իսկ ի՞նչ անել, եթե բեռը կորել է Աբխազիայի, այսինքն՝ չճանաչված պետության տարածքում: Ինչպիսի՞ն է լինելու Վրաստանի արձագանքը նման իրավիճակներում, որտե՞ղ է գտնվելու վրաց-աբխազական մաքսակետը: Նման խնդիրների մասին կարելի է խոսել ժամերով: Այստեղ կան հսկայական բարդություններ, և լուրջ ցանկության բացակայություն և վրացական և աբխազական կողմից»։ Աբխազական երկաթգիծն անհրաժեշտություն է Հայաստանի համար, բայց ոչ Աբխազիայի և Վրաստանի, նկատում է քաղաքագետը:

Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր խոսեց նաև Հայաստանի արտաքին քաղաքականության առանձնահատկությունների մասին, որը, ըստ նրա,  ամբողջությամբ տեղավորվում է կոմպլեմենտար քաղաքաքականության տրամաբանության շրջանակներում։ «Հայաստատը ԱՊՀ անդամ է, ձգտում է դեպի Մաքսային միություն, ներդրումների ծավալով ռուսական կապիտալն այստեղ ամենամեծն է, միաժամանակ՝ Եվրոպան մեր լավագույն  գործընկերն է: Հայաստանը բավականին հետաքրքիր և խորը հարաբերություններ է կառուցել Միացյալ Նահնագների հետ, Վրաստանի հետ հաջողվում է պահպանել այնպիսի հարաբերություններ, ինչպիսիք Ռուսաստանը թույլ չի տալիս ԱՊՀ որևէ այլ հանրապետության»։

Անդրադառնալով մայիսի վերջին Աբխազիայում տեղի ունեցած հեղափոխական զարգացումներին ու իշխանափոխությանը՝ Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ ուկրաինական ճգնաժամի հետ դրանք  կապ չունեն, բայց ուկրաինական ճգնաժամը, ըստ նրա, վերջ դրեց հետխորհրդային  դարաշրջանին՝ սկսելով նորը։ «Հետխորհրդային սահմանները Ռուսաստանի համար այլևս սրբություն չեն: Ինչպես փաստում են վերջին իրադարձությունները , դրանք կարող են նաև փոփոխության ենթարկվել»։

Back to top button