Հասարակություն

Վաղաժամկետ ազատման հարցում խնդիրներ կան, ասում են ՔԿՀ դիտորական խմբի անդամները

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբն այսօր կրկին անդրադարձել է պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հիմնախնդրին: Դիտորդները մտահոգիչ և անհանգստացնող են որակում  քրեակտարողական հիմնարկներում ձևավորված պրակտիկան։ Հիմնական խնդիրը, ըստ նրանց,  հստակ չափանիշների բացակայությունն է. թե ինչ հիմքով են բավարավում կամ մերժվում դիմումները  հստակ չէ, ու սա անկանխատեսելի է դարձնում իրավիճակը: Դիտորդները ոչ միայն մտահոգություններից են խոսել, այլ նաև առաջարկներ են ներկայացրել։

Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման վիճակագրությունը, ըստ տարիների, մտահոգիչ միտումներ ունի. դատապարտյալների կողմից ներկայացված դիմումների ընդհանուր թիվն աճում է, դրական ելք ստացող դիմումների քանակը՝ նվազում։ Սա փաստում են քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող խմբի դիտորդները: Խմբի անդամներից Անի Վարդանյանը նշում է, օրինակ,   2013 թվականի վիճակագրությունը։ «2013թ.-ին 5468 դատապարտյալ դիմել է վաղաժամկետ արձակման համար, սրանցից անկախ հանձնաժողովին ներկայացվել են 960-ը, որը հավանության է արժանացրել է 273 դիմում, իսկ դատարանում բավարարվել է դիմումներից 261-ը»։

Պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորություն  դատապարտյալն ունի պատժի որոշակի մասը կրելուց հետո միայն. կբավարարվի՞ կոնկրետ  դիմումը, թե՞ ոչ՝  որոշվում է բավականին երկար ընթացակարգով, մի քանի փուլով. դատապարտյալը նման խնդրանքով դիմում է քրեկատարողական հիմնարկի ղեկավարությանը, համաձայնության դեպքում՝ վերջինը դիմում է ներկայացնում  հատուկ այս նպատակով գործող անկախ հանձնաժողովին,  վերջնական որոշումը կայացվում է դատարանում: Որոշումը կայացնելիս որոշիչ դեր ունի  քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների վարքագիծը, նրա ստացած կարգապահական տույժերը  կամ  խրախուսանանքերը։

Դիտորդների հիմնական մտահոգությունն այն է, որ չափանիշերը, որոնցով կայացվում են որոշումները, հստակ չեն, ինչը կամայական մոտեցումների հնարավորություն է տալիս:  Դիտորդական խմբի անդամներից Արայիկ Զալյանը մեկ այլ պատճառ էլ է նշում։ «ՔԿՀ-ների վարչակազմերը ունեն ներքին բանավոր հրահանգ՝ ընթացք չտալ որոշակի հոդվածներով դատապարտյալների՝ պայմանական վաղաժամկետ ազատման համար ներկայացված դիմումներին»։

Այս հարցը, հրաժարվել որոշակի հոդվածներով դատապարտված անձանց նկատմամբ համաներում չկիրառելու պրակտիկայից, դիտորդների խմբի հիմնական առաջարկներից մեկն է։ Մյուսը վերաբերում է որոշման հիմքերն ու չափանիշները հստակեցնելուն: Առաջարկվում է նաև, որ անկախ հանձնաժողովները, որոնք այժմ կազմված են ուժային կառույցների ներկայացուցիչներից,  համալրեն տարբեր մասնագետներով, այդ թվում ՝ հոգեբաններով:

Եվ ամենակրաևորը՝ առաջարկում են, որ անկախ հանձնաժողովի կայացրած որոշումները դատական կարգով բողոքարկման ենթակա լինեն: Դիտորդներից Հասմիկ Հարությունյանը նշում է, որ խնդրին վերաբերող որոշում տարիներ առաջ կայացրել է նաև Սահմանադրական դատարանը։

Back to top button