Հասարակություն

Շիրակի մտավորականները դիմում են ՀՀ վարչապետին

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Շիրակի մարզի հանրաճանաչ պետական, հասարակական ու մշակութային մի խումբ գործիչներ «Շիրակ հայրենակցական միավորում» ՀԿ անունից դիմում են հանրապետության կառավարությանը Շիրակի մարզում և, մասնավորապես, Գյումրի քաղաքում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր խնդիրներին լուծում տալու մտահոգությամբ: Շիրակցի մտավորականներն այսօր ստորագրել են կառավարությանը ներկայացվող իրենց առաջարկությունների փաթեթն ու փոխանցել  վարչապետ Հովիկ Աբրահամյանին։

Աղետալի երկրաշարժից ավելի քան 25 տարի է անցել, բայց Շիրակի մարզն ու, մասնավորապես, Գյումրին, շարունակում են գոյատևել սոցիալ-տնտեսական  ծանր պայմաններում, որից միակ ելքը շիրակցին առայժմ տեսնում է արտագաղթի մեջ: Հաշվի առնելով այս իրավիճակը՝ «Շիրակ հայրենակցական միավորում» ՀԿ-ն  ամիսներ առաջ որոշեց  մանրամասն ուսումնասիրել իրավիճակն ու  նախապատրաստել առաջարկությունների փաթեթ, որտեղ ամրագրված կլինեին, իրենց գնահատմամբ, մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի շտկման հիմնական քայլերը: Ուսումնասիրություններն ըստ էության մեկ անգամ ևս ամրագրեցին Շիրակի մարզի սոցիալ-ընտեսական ծայրահեղ ծանր իրավիճակը։

եթե հանրապետությունում աղքատության միջին ցուցանիշը 32  տոկոս է, ապա Շիրակի մարզում այդ ցուցանիշը  կազմում է  46. 4 տոկոս: Սոցիալ- տնտեսական նման ծանր իրավիճակից դուրս գալու համար «Շիրակ հայրենակցական միավորում» կազմակերպության նախապատրաստած փաթեթով առաջարկվում է նախ՝   իրականացնել քայլեր, որոնք կնպաստեն  փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, որը և կլուծի մարզի, թերևս, ամենացավոտ՝ գործազրկության խնդիրը: Միության նախագահ  Վարազդատ Ավոյանի խոսքով՝ այն, ինչ ներառված է փաթեթում, միանգամայն համահունչ է կառավարության նոր ծրագրին։

Փաթեթն այնուամենայնիվ ներառում է առաջարկություններ, որոնք, ինչպես նշում է Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողքոսյանը, դուրս են մնացել պատկան մարմինների ուշադրությունից, հետևաբար և կառավարության ծրագրից։

Հետևողական լինելու խոստումով շիրակցի մտավորակաբններն այսօր ստորագրեցին  առաջարկությունների փաթեթն ու ուղարկեցին կառավարություն, մասնավորապես՝ հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանին։

Back to top button