ԿարևորՏնտեսական

Ներդրողներին տրամադրել արտոնություններ. ՀՀ վարչապետը՝ Արցախում

Աշխատանքային այցով Արցախում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտում գործող մի շարք ձեռնարկություններ:

ՀՀ վարչապետը ԼՂՀ վարչապետի, փոխվարչապետի և ՀՀ ու ԼՂՀ կառավարության անդամների ուղեկցությամբ շրջայց է կատարել «Մետաքս» և «Արցախ ֆրուտ» գործարանների արտադրամասերում, ծանոթացել արտադրական հնարավորություններին, զրուցել աշխատակիցների հետ, հետաքրքրվել նրանց աշխատանքային պայմաններով և հուզող խնդիրներով: «Մետաքս» կոմբինատը պետական ներդրումներով գործող թեթև արդյունաբերական ՍՊԸ-ների միավորում է, որում ներգրավված են ոլորտի մի շարք կազմակերպություններ, իսկ «Արցախ ֆրուտ»-ը մասնագիտացած է մրգերի և բանջարեղենի պահածոների արտադրության մեջ:

Լրագրողների հետ ճեպազրույցում Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել ՀՀ և ԼՂՀ կառավարությունների համագործակցությունը՝ նշելով. «Այսօրվա քննարկումների արդյունքում պարզվեց, որ կան մեծ ձեռքբերումներ, և նախարարություններն աշխատում են համահունչ, ինչի համար շատ ուրախ եմ: Համոզված եմ, որ դա կտա իր դրական արդյունքն ու կնպաստի և Արցախի, և Հայաստանի տնտեսության զարգացմանը»:

ՀՀ վարչապետը ողջունելի է համարել ԼՂՀ կառավարության մոտեցումը՝ յուրաքանչյուր ներդրողի համար ստեղծել հնարավորություն և տրամադրել արտոնություններ, ինչը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը և սոցիալական խնդիրների լուծմանը: «Ինչ վերաբերում է թեթև արդյունաբերությանը, ապա փորձենք վերականգնել այս ոլորտը Արցախում և Հայաստանում. պետք է գնալ արտոնությունների տրամադրման ճանապարհով, որպեսզի մարդկանց հնարավորություն ընձեռնվի ներդրումներ անել Արցախում՝ հաշվի առնելով նաև ռիսկը: Արդեն 300 աշխատատեղ կա, և ԼՂՀ վարչապետը նշեց, որ աշխատատեղերի թիվը հասնելու է 700-ի: Նման քայլերը պետք է շարունակական բնույթ կրեն: Անհրաժեշտության դեպքում կլինի նաև Հայաստանի կառավարության աջակցությունը, որպեսզի Արցախի տնտեսությունը զարգանա», — եզրափակել է ՀՀ կառավարության ղեկավարը:

 

Back to top button