Հասարակություն

Oմբուդսմենի արձագանքը` ոստիկանության և ցուցարարների միջև երեկվա բախումներին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն արձագանքել է երեկ Սարյան փողոցում տեղի ունեցած ոստիկանության և ցուցարարների միջև բախումներին:

Ստորև ներկայացնում ենք օմբուդսմենի հայտարարությունը:

«Մեր անհանգստությունն ենք հայտնում երեկ Սարյան փողոցում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ:
Ոստիկանի կողմից հասարակական կարգ պահպանելը չի նշանակում ծեծել քաղաքացիներին, իսկ պաշտոնեական պարտականությունները կատարելիս սեփական հույզերով առաջնորդվելը վկայում է ցածր պրոֆեսիոնալիզմի մասին: Հետևաբար, համարժեք քայլեր ենք ակնկալում հավաքի մասնակիցների վրա անհամաչափ ուժ կիրառած բոլոր ոստիկանների նկատմամբ:

Միաժամանակ, հավաքի որոշ մասնակիցներ ևս անթույլատրելի վարքագիծ են դրսևորել: Լրատվամիջոցներում տարածված մի շարք տեսանյութերում երևում է, թե ինչպես են նրանցից ոմանք կոպիտ կերպով վիրավորում կամ հրում ոստիկաններին: Մարդու իրավունքի իրացումը չի ենթադրում ամենաթողություն, հակաիրավական պահվածք և անհարգալից վերաբերմունք իրավապահների հանդեպ:

Մարդու իրավունքների պաշտպանը տեղի ունեցածին ամբողջական գնահատական կտա ոստիկանության կողմից ըստ օրենքի անհրաժեշտ պաշտոնական պարզաբանումները ստանալուց հետո»:

 

Back to top button