Հասարակություն

Հայաստանում այսօր աշխատանք է փնտրում 64 հազար 900 մարդ

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

2014 հունիսի մեկի տվյալներով, Հայաստանում աշխատանք է փնտրում  64 հազար 900 մարդ, նրանցից 46 հազար 600 կանայք են, 15հազար 800՝ երիտասարդներ: Գործազուրկ է աշխատանք փնտրողների 95,4 տոկոսը: Նկատենք, որ մեր երկրում նաև աշխատանք են փնտրում նրանք, ովքեր աշխատում են, սակայն դժգոհ են աշխատանքային պայմաններից ու աշխատավարձից: Գործազուրկների շրջանում շարունակում է բարձր մնալ կանանց թիվը՝ գործազուրների 72,4 տոկոսը կանայք են: Թվերը մտահոգում են Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածություն պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանին: նա այսօր հանդիպել է լրագրողների հետ:

Առաջարկի ու պահանջարկի անհամատեղելիություն, որակյալ աշխատուժ ու ցածր աշխատավարձ, տարիքային սահմանափակումներ, մեր երկրի աշխատաշուկայի բոլորիս հայտնի բանաձևն է: Աշխատանք շատերն են փնտրում, նրանցից ոչ բոլորն են սակայն, կարողանում գտնել այն: Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածություն պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը վիճակագրությունն է ներկայացնում, շրջանավարտների 51 տոկոսը ցանկություն է հայտնում բարձրագույն կրթություն ստանալ, 25 տոկոսը դիմում է միջին մասնագիտական և 7 տոկոսը՝ արհեստագործական ուսումնարաններ.«Մինչդեռ մեր աշխատաշուկայում ավելի պահանջված են բանվորական ու սպասարկման ոլորտի մասնագետները, այսինքն մարդիկ արդեն ի սկզաբնե կյանք մտնելով իրենք իրենց համար սխալ ընտրություն են կատարում, հետո ձեռք են բերում այնպիսի մասնագիտություն, որով հետագայում դժվարանում են աշխատանք գտնել»:

Որմնադիր, սալիկապատող,էլեկտրիկ, պատշար, վարորդ, փոքրիկ հարցախույզից պարզ դարձավ՝ միշտ չէ, որ անգամ այս մասնագիտությունների տեր մարդիկ կարողանում են աշխատանք գտնել.«Աշխատանք չկա, ես սալիկապատող եմ, չեմ ակրողանում աշխատանք գտնել: Ես շինարար եմ, շինարարություն չկա Հայաստանում, որ կարողանանք աշխատանք գտնել»:

Բանվորական մասնագիտություններին զուգահեռ տարիներ շարունակ պահանջված են նաև բժիշկները, մանկավարժները, տնտեսագետները, հաշվապահներն ու ճարտարագետները:

Հայաստանյան աշխատաշուկայում հիմնականում գործազուրկ են երիտասարդները, կանայք, տղամարդկանց պարագայում պատկերը մի փոքր այլ է, նրանք ավելի հեշտ են աշխատանք գտնում, համեմատաբար, ավելի հեշտ, սակայն, աշխատանք չունեցող տղամարդիկ դժվարությամբ են դիմում Զբաղվածություն պետական ծառայություն: Արտակ Մանգասարյանը գործատուների հետ չի խոսել, սակայն, ինքն էլ է փաստում՝ գործատուների պահանջները խիստ են, միաժամանակ՝ անհատական
«Իրականում կան, չեն մասնագիտություններ, որոնք ավելի լավ ակրող են անել քսան տարեկանները, քան 45 տարեկանները: Չեմ հիշում դեպք, որ քսան տարեկան բժշկի կարիք լինի: Տարիքայինն էլ է անհատական: Մասնագիտությունների որոշ խումբ կա, որ աշխատում է»:

Չնայած մեր երկրում ակտիվ բնակչության 16,2 տոկոսը գործազուրկ է, միևնույնն է, Արտակ Մանգասարյանը պնդում է՝ գործատուները լավ մասնագետների պակաս ունեն: Պաշտոնյան հորդորում է թե՛ գործազուրկներին, և թե՛ աշխատանք փնտրողներին անպայման դիմել իրենց: Եթե աշխատանք էլ չգտնեն, մասնագիտական կողմնորոշման ու տարբեր այլ ծրագրերի միջոցով կաջակցեն քաղաքացիներին: Տարբեր պետական ծրագրեր են իրականացվում, դրանցիցի մեկն էլ աշխատանքի տոնավաճառների կազմակերպումն է: Յուրաքանչյուր տոնավաճառի կազմակերպման համար 700 հազար դրամ է ծախսվում,. Դրանք կազմակերպվում են ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: Առաջիկայում՝ հունիսի 26-ին Գյումրիում և 27-ին Աշտարակում, կազմակերպվելու են աշխատանքի տոնավաճառներ: Կազմակերպիչները վերը նշված երկու մարզերի գործազուրկներին ու աշխատանք փնտրողներին հորդորում են անպայման մասնակցել տոնավաճառին, գուցե նրանք հաջողության հասնեն ու իրենց երազած աշխատանքն ի վերջո գտնեն:

 

Back to top button