Հասարակություն

Եղեգնուտում գյուղացիներն ամեն ինչ անում են լավ բերք ստանալու և հողն արդյունավետ օգտագործելու համար

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»-Արմավիրի մարզ

Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի բանջարեղենն արդեն մտել է շուկա, գյուղացիները ամեն ջանք գործադրում են լավ բերք ստանալու և հողն արդյունավետ օգտագործելու նպատակով: Գյուղում հիմնախնդիր է ոռոգման ջուրն ու բուժանյութերի անորակությունը, որը բազմակի օգտագործելուց հետո էլ չի ապահովում անհրաժեշտ արդյունքը:

Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքը  ոռոոգման տեսակետից  կարելի է ասել ջրազրկված համայնք է, որն օգտվում է Սև ջուր գետից, իսկ սև ջրում էլ, ինչպես «Սուտլիկ Որսկան» հեքիաթում , ջուր չկա: Համայնքը սկսել է ապավինել իր ներքին ուժերին,  և գործի է դրել   խորքային 3 հորը: Եղեգնուտում 2000հա վարելահողերի վրա հիմնականում մշակում են բանջարբոստանային բույսեր, գյուղապետ Ռազմիկ Մարգարյանի խոսքերով գյուղում հողի մշակությունը դասակարգված է, որպեսզի հողից կարողանան ժամանակին օգուտ քաղել:

Գյուղի  մշակովի հողերի այն հատվածը, որը մոտ է «Արզնի» թռչնաֆաբրիկային  ոռոգման ջրի պակաս գրեթե չունի, քանի որ այդ տարածքում կա 1 խորքային հոր, և հերթով  ոռոգում են հողերը: Այս տարածքում հողերը  պարարտացվում են նաև թռչնաղբով և մշակվող բույսերն ավելի փարթամ են, դրանք 1 շաբաթից կմտնեն շուկա:  Ոռոգման ջրի հարցը կարգավորելու նպատակով Եղեգնուտում վերականգնվել է  խորքային 3 հոր, մեկն էլ նոր է հորատվել, էլեկրականություն անցկացնելուց հետո գյուղապետի խոսքերով` 10 օրից կգործարկվի:   Հողի մշակությունը լավ կազմակերպելու նպատակով գյուղացիների մի մասն ունի ոռոգման սեփական աղբյուրը: Սենիկ Եղիազարյանը լրացուցիչ ծախսերից խուսափելու նպատակով խնձորի և սերկևիլի այգիներն, ինչպես նաև վարելահողը սեփական հորից է ոռոգում:

Եղեգնուտի  մշակովի հողերի մյուս հատվածում ոոգման ջրի սակավություն է,  գյուղացիները պնդում էին, որ ձմերուկը չորանում է, ոռոգման նպատակով հերթագրվել են, Արաքսի ջուրն իրենց չի հասնում:

Այգետերերը դժգոհեցին նաև բուժանյութերից, որոնք անորակ են: Խնձորի այգու մի հատվածում բերք կա, մյուսում` չկա, ցրտահարվել էին, իսկ պահպանվածը վրացական Կեխուրին էր, որն էլ դեռ չհասած թափվել են ծառերի տակ, նույնն է նաև սերկևիլի այգում:

Բուժանյութերից դժգոհելուց հետո, Սենիկը դարձյալ վերսկսեց ծառերի բուժումը, իսկ թե երբ կկարգավորվի ու կվերահսկվի թունաքիմիկատների շուկան, դարձյալ պարզ չէ, միայն հայտնի է, որ տարիներ շարունակ գյուղացիները դժգոհում են բուժանյութերից  և այլընտրանք չունենալով կրկին օգտվում են շուկայում վաճառվող անհասկանալի զանգվածային  միացություն ներկայացնող հեղուկ և փոշի նյութերից:

 

 

Back to top button