Գառնիի դիտարանում տեղադրվել է նորագույն թեքաչափ


Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության և Չեխիայի Գիտությունների ակադեմիայի միջև համագործակցության շրջանակներում Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի թունելում օրերս տեղադրվել և գործարկվել է նորագույն թվային թեքաչափը: Ըստ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության տնօրեն Հրաչյա Պետրոսյանի՝ տեխնիկական վերազինման արդյունքում դիտարանը կդառնա խոշոր միջազգային գիտակիրառական կենտրոն։
Չեխ երկրաֆիզիկոսներ Պավել Կալենդայի և Լիբոր Նոյմանի մասնակցությամբ տեղադրված սարքի միջոցով հնարավոր է արձանագրել երկրակեղեվի ամենաանշան թեքությունը՝ աշխարհի ցանկացած կետում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով: Ըստ դոկտոր Կալենդայի՝ նման թեքաչափեր կան եվրապական գրեթե բոլոր երկրներում, երկուսն էլ՝ Ռուսաստանի տարածքում։
Սեյսմոլոգներտ համար մեծ հետաքրքրություն է առաջացնում Գառնիի 290 կիլոմետրանոց ճեղքվածքը: Այն 1679 և 1827 թվականների ուժեղ երկրաշարժերի էպիկենտրոնն էր: «Գառնիի ճեղքվածքի առկա ակտիվությունը պարզելու համար այն պետք է ուսումնասիրվի առնվազն մեկ տարի: Այս թեքաչափը հնարավորություն կընձեռի նախոօրոք արձանագրել երկրակեղևի լարվածության ալիքները թե գլոբալ, թե տեղային առումով»,- «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան նշեց Հրաչյա Պետրոսյանը։
Թեքաչափից տվյալներն ստացվում են իրական ժամանակում: Սեյսմիկ պաշտպանության ծառայության պետը գոհ է նոր սարքի աշխատանքի առաջին արդյունքներից։ Գործնական առումով թեքաչափը ներկայանալի է նոր չափորոշիչներով և արդեն հասցրել է ապացուցել իր արդյունավետությունը։