ԿարևորՀասարակություն

ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը գազի համակարգում վատ կառավարման եւ չարաշահման փաստեր է հայտնաբերել

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Խորհրդարանական արտահերթ աշխատանքի ընթացքում, բուռն քաղաքական իրադարձությունների եւ թեժ զարգացումների պատճառով, աննկատ մնաց ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի միջանկյալ եզրակացությունը: Խնդիրն այն է, որ Գազի հանձնաժողովն արդեն արել է մի շարք հետաքրքիր բացահայտումներ, բայց դեռ էլի անելիք կա։ Այնպես որ՝ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը խորհրդարանին առաջարկել է երկարաձգել աշխատանքը:

Այսպես կոչված Գազի ժամանակվոր հանձնաժողովը խորհրդարանում աշխատում է դռնփակ պայմաններում, այնպես որ լրագրողների մուտքն այնտեղ ազատ չէ: Այդ ժամանակավոր հանձնաժողովի առաջին եզրակացությունն արդեն պատրաստ է: Գործունեության ընթացքում ուսումնասիրվել է 1800 էջ փաստաթուղթ, պատկան մարմիններին ուղարկվել է 113 հարցադրում, պատասխաններից հետո` եւս նոր 15-ը: Ասել, թե արդեն ամեն ինչ պարզ է ՀՀ-ում գազի որակի, սակագնի ձեւավորման եւ մատակարարման այլ հարցերի առնչությամբ, ճիշտ չէ:

Ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը խորհրդարանին առաջարկել է երկարաձգել գործունեության ժամկետը մինչեւ 5-րդ գումարման ԱԺ 6-րդ նստաշրջանի ավարտը: Լրացուցիչ պարզաբանման կարիք ունի, օրինակ` ստուգողաչափման եւ նորոգման ծախսերի ոլորտը: Հանձնաժողովին չի ներկայացվել այդ ծառայությունների հաշվարկման մեթոդիկան եւ այդ կազմակերպությունների ընտրությունների կարգը:

Հետաքրքիր բացահայտումներից մեկը, ըստ Վարդան Այվազյանի` սա է. «ՀՀ գազամատակարարման եւ բաշխման համակարգի թերբեռնվածության փաստացի աստիճանը այն է, որ 8 միլիարդ խորանարդ մետր հնարավորության եւ կարողության պայմաններում՝ փաստացի սպառվում է 1.7 խորանարդ մետր գազ: Կարելի է արձանագրել, որ գազի սակագնի բարձրացմանը զուգընթաց բարձրացել է նաեւ «Հայռուսգազարդ» ՓԲԸ շահույթի ծավալը` հազար խորանարդ մետրի հաշվարկով շուրջ 12 տոկոսով: Միաժամանակ՝ անցած 5 տարիների ընթացքում ունենալով շահույթի կայուն ծավալներ՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն պետությանը չի վճարել շահաբաժիններ»։

Այս համակարգում չարաշահումների եւ վատ ղեկավարման փաստ է նաեւ հետեւյալը: Ուսումնասիրված ժամանակահատվածում աշխատավարձի գծով ծախսը ավելացել է մոտ 8.9 միլիարդ դրամով, ինչը պայմանավորված է միջին ամսական աշխատավարձի բարձրացմամբ: 119 հազար դրամի փոխարեն ներկայումս այն դարձել է 227 հազար դրամ: «Ինչպես նաեւ աշխատողների թվաքանակն է ավելացել մոտ հազար հոգով: Դա եւս լրացուցիչ պարզաբանման կարիք ունի, ինչպես նաեւ լրացուցիչ պարզաբանման անհրաժեշտություն կա աշխատողների միջին ամսական աշխատավարձի շեշտակի բարձրացումը 108 հազար դրամով: Քանի որ վերջին օրերին շատ է խոսվում նաեւ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին, հանձնաժողովում ուսումնասիրել են գազի սակագնի թանկացման ազդեցությունը էլեկտրաէներգիայի սակագնի վրա»,- ասում է Վարդան Այվազյանը։

Հատկանշական է, որ հարցի քննարկմանը խորհրդարանի ոչ իշխանական ուժերը ներկա չէին: Թեեւ գազի հարցը ամիսներ շարունակ նրանց օրակարգային հարցերից մեկն էր, բայց խորհրդարանական ընդդիմությունը այդ պահին բոյկոտել էր խորհրդարանի աշխատանքը Կուտակային կենսաթոշակների մասին օրինագծի քննարկման կարգի եւ ընդունման ձեւի պատճառով:

Back to top button