Քաղաքական

Օրերի խնդիր է , եթե…

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Վերջին շրջանում Ռուսաստան-Վրաստան-Աբխազիա-Հայաստան երկաթգծի վերագործարկման վերաբերյալ հայտարարություններ հնչեցին առավելաբար Ռուսաստանից եւ Իրանից: Սա մեզ համար կարեւոր էր, քանի որ Աբխազիա-Վրաստան հատվածի վերագործարկումը Հայաստանին անհրաժեշտ է: Սակայն, պարզվում է, որ Ռուսաստանն ու Իրանը երկաթգծի Աբխազիա-Վրաստան հատվածի վերագործարկումը դիտարկվում են որպես ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհ: Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի համոզմամբ` Ռուսաստանի եւ Իրանի շահերն այս հարցում համընկնում են, հետեւաբար` երկաթգծի վերագործարկումը օրերի հարց է, երբ այդ երկու խոշոր երկրները սկսեն իրենց ճնշման լծակները կիրառել:

Աբխազիա-Վրաստան հատվածի վերագործարկման մասին Վրաստանի իշխանությունները միայն անցյալ տարի խոսեցին` նկատեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Այսօր նման հայտարարություններ չկան, այդուհանդերձ, ըստ Սերգեյ Շաքարյանցի, երկաթգծի վերագործարկումն ընդամենը օրերի հարց է, եթե Ռուսաստանն ու Իրանը ճնշում գործադրեն Վրաստանի նկատմամբ:

«Վաղ թե ուշ` պետք է պատասխանն ավելի հստակ տալ, որովհետեւ Վրաստանն այսօր մնացել է մեն մենակ մեր տարածաշրջանում»:

Քաղաքագետը նկատեց, որ վերջերս Թիֆլիսում ինչ-որ ուժեր լարեցին վրաց-ադրբեջանական բախումներ, եւ սա խորը գնացող գործընթաց է` որքան էլ դա պարզաբանվի կենցաղային դրդապատճառով, հասկանալի է, որ Ադրբեջանն էլ Վրաստանի համար բարեկամ չէ:

«Թիֆլիսում տեղի ունեցած վրաց-ադրբեջանական բախումները մեզ ցույց են տալիս, որ Վրաստանն այլեւս չի կարող ապավինել թուրք-ադրբեջանական ինչ-որ աջակցության, կամ` թեթեւ օժանդակության»:

Ամեն ինչ, վաղ թե ուշ, կհանգեցնի գազի խնդրին, իսկ մեր տարածաշրջանում  հայտնի է, թե ով է ամենախոշոր գազի մատակարարը` հավելեց  քաղաքագետը:
Սերգեյ Շաքարյանցի կանխատեսմամբ` հեռանկարը մեկն է. Ռուսաստանն ու Իրանը Վրաստանի վրա ճնշում կբանեցնեն եւ այդ պայմաններում Ռուսաստան-Վրաստան երկաթգծի Աբխազիա-Հայաստան հատվածի վերագործարկումն ընդամենը օրերի հարց է: Քաղաքագետի դիտարկմամբ` խնդիրն այնքան ապրանքաշրջանառությանը չի վերաբերում, որքան զրահատեխնիկայի տեղափոխման: Թե ինչու է նման ճանապարհ անհրաժեշտ Ռուսաստանին եւ Պարսկաստանին` քաղաքագետը չի կարող ասել, սակայն, համոզված է, որ Իրանն ու Ռուսաստանն այլեւս Ադրբեջանի հետ հույսեր չեն կապում ու, միաժամանակ, մեծ տերությունները պատրաստվում են խոշոր զարգացումների` կանխատեսեց քաղաքագետը` հիշատակելով Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող զարգացումները:

Քաղաքագետը նկատեց նաեւ, որ Ռուսաստանն ու Իրանը, առանց որեւէ պայմանագիր կնքելու, դաշնակից են սիրիական հարցում, նույնը` քրդական խնդրի դեպքում է, կովկասյան հարցում են դաշնակից, նաեւ` իրաքյան խնդրում, որը կրկին սրվել է: Քաղաքագետը չի կիսում հայկական մամուլում տեղ գտած այն դիտարկումները, թե Ադրբեջանը հակահայկական ինչ-որ որոշում է պոկելու Ռուսաստանից: Ըստ քաղաքագետի` նման հրապարակումները հասարակությանը մոլորեցնելու եւ թյուրիմացության մեջ գցելու նպատակ են հետապնդում:

Back to top button