Հասարակություն

«Շանթ Հարությունյան եւ ընկերներ» դատավարությունը խոստանում է թեժ լինել

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

«Շանթ Հարությունյան եւ ընկերներ» դատավարությունը խոստանում է լինել թեժ: Նախաքննությունից գործն արդեն հասել է դատարանին եւ առաջին նիստից հետո, որը տեղի ունեցել հունիսի 12-ին, իրավապաշտպաններն ու ամբաստանյալների պաշտպաններն արդեն դժգոհությունների եւ հայտարարություններ անելու հիմքեր ունեն: Պաշտպանների մտավախությունները տարաբնույթ են, ինչի մասին էլ այսօր նրանք հայտնել են լրագրողներին:

Հունիսի 12-ին մեկնարկած եւ մինչեւ հունիսի 25-ը հետաձգված Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների դատավարությունը արդեն որոշակի մտահոգությունների առիթ է տվել ինչպես մեղադրյալների պաշտպաններին, այնպես էլ իրավապաշտպաններին: Այսօր արդեն նրանք հայտարարում են, որ քաղաքական հետապնդումը իրենց պաշտպանյալների հանդեպ շարունակվում է նաեւ դատավարության ընթացքում: Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոյսնանը նշում է, որ հունիսի 12-ին արդեն երեւաց. Ոստիկանությունը բավականին լուրջ պատրաստվում այդ դատավարությանը:

« Փաստորեն ստացվում է, որ այսօր ամբաստանվում է 14 անձ, սակայն ոչ բոլորի հարազատները կարողացան գտնվել նիստերի դահլիճում: Նույնիսկ ես, դժվարությամբ մտա դահլիճ, քանի որ մինչեւ շենքը մտնելը արդեն մուտքերը փակ էին»:

Շանթ Հարությունյանի պաշտպանը դատական նիստին կարողացել է միանալ միայն դատական կարգադիչների շնորհիվ, քանի որ ոստիկանները չեն ճանաչել: Թեեւ ընդունված չէ դռնփակ կամ գաղտնի դատավարության մասին որոշումը, բայց ամբաստանյալների հարազատները նույնպես հնարավորություն չեն ունեցել մասնակցել դատավարությանը: Արմեն Հովհաննիսյանի եւ Տիգրան Պետրոսյանի պաշտպան Արա Զաքարյանը դժգոհում է. պաշտպանների համար դատարանի դահլիճում ստեղծված չեն անհրաժեշտ պայմանները:

«Պաշտպանը պետք է իր պաշտպանյալիհետ նստի, ունենա սեղան, որ կարողանա աշխատել, պաշտպանյալի հետ կարողանա շփվել: 14 մեղադրյալ, այսքան պաշտպան, իսկապես հնարավոր չէ ապահովել տվյալ դատարանի դահլիճում: Եթե համեմատեք մեղադրող կողմի հետ, ապա երկու սեղան է տրամադրված երկու մեղադրողին: Այսինքն` արդեն իսկ նվազ բարենպաստ պայմաններում ենք»:

Փաստաբանը հայտարարում է. դատաքննության իրավունքի խախտումից կարող են առաջանալ արդարադատաքննության խախտումներ: Ամբաստանյալների պաշտպանները դիմել են դատավորին ավելի մեծ դահլիճում դատավարությունը անցկացնելու առաջարկով: Դատավորի կողմից այն մերժվել է` հիմնավորմամբ, թե Կենկտրոն եւ Նորք Մարաշ համայնքների դատարանի ամենամեծ դահլիճն է տրամադրված այս դատավարությանը: Պաշտպանները, սակայն, ակնարկում են. նախադեպ կա, երբ առավել մեծ հնչեղություն ունեցող դատավարությունները տեղափոխվել են այլ համայնքների դատարաններ, որտեղ կան շենքային պայմաններ եւ ավելի մեծ դահլիճներ: Օրինակ` այդպես է եղել մարտի 1-ի կամ Խաչիկյանի գործով հայտնի դատավարությունների ժամանակ: Պաշտպաններն ու իրավապաշտպանները պնդում են. մտադրություն կա սահմանափակել «Շանթ Հարությունյանի եւ ընկերների» դատավարության հրապարակայնությունը:

Իրավապաշտպան Արթուր Սաքունց.« Նման սահմանափակ հնարավորություններով եւ նման ոչ պատշաճ պայմաններում հրապարակայնության սահմանափակումը համարում ենք պատժիչ բնույթ: Նմանք գիտեն, որ դա քաղաքական դատավարություն է լինելու իշխանության դեմ եւ փորձում են հնարավորության սահմաններում սահմանափակել եւ ավելի քիչ լսելի դարձնել քաղաքացիների համար: Իմաստ ունի քաղաքական բանտարկյալների կողմից բոյկոտելու այդ դատական նիստը մինչեւ ճչապահովվի համապատասխան պայմանները»:

Մեկ այլ փաստաբան` Միսակ Առաքելյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանը ահազանգում է նոր վտանգի մասին, որն առաջանալու է այս դատավարությունից հետո եւ ապագայի համար դառնալու է նախադեպ:

«Առաջին անգամ ձեւավորվում է իրավակիրառական այնպիսի պրակտիկա, ըստ որի ոտնձգությունը ոստիկանության ծառայողի նկատմամբ դիտվում է որպես խուլիգանություն: Երբեք հանրային միջոցառումների ժամանակ նման որակումներով քրեական վարույթ իրականացնող մարմիննրը նման կոնֆլիկնշտները չեն գնահատել: Հասարակական կարգը խախտող խմբային գործողության հոդվածը, որը 2005 թվականից ուժը կորցրած էր ճանաչվել փաստորեն ռեստավրացիա է արվում եւ կիրառվում է որպես հավաքների ազատության սահմանափակման գործիք»:

Հունիսի 25-ի դատավարությանը իրավապաշտպանները պատրաստվում են լրջորեն` փորձելով ապահովել հրապարակայնությունը: Թե ինչ զարգացումներ կունենա դատավարությունը, արդյո?ք ամբաստանյալները կօգտվեն նիստը բոյկոտելու առաջարկից, պարզ կդառնա մի քանի օրից:

Կարդացեք նաև
Close
Back to top button