Սպորտ

Մեկնարկեց «Արի տուն 2014»- ի երկրորդ փուլը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Այսօր Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն 2014» ծրագրի երկրորդ փուլի բացման արարողությունը: Ծրագրի մասնակիցները կծանոթանան մեր երկրի տեսարժան վայրերին, կունենան բազմաթիվ հանդիպումներ պետական, հասարակական և մշակութային գործիչների հետ, կմասնակցեն հայրենագիտության դասերի, կսովորեն ազգային պարեր և երգեր։

2009 թվականից իրականացվող «Արի տուն» ծրագիրն այս տարի անցկացվում է 8 փուլով՝ հունիսի 16-ից մինչև օգոստոսի 30-ը: Այսօր դիմելով սփյուռքահայ պատանիներին և երիտասարդներին՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նկատեց, որ նրանցից շատերն առաջին անգամ են այցելում Հայաստան և կարևորեց նրանց մասնակցությունը հայրենաճանաչ այս ծրագրին։

Երկու տարի առաջ այս ծրագրին մասնակցել է սփյուռքահայ բարերարներ Վարդգես և Մերի Նաջարյանների թոռը՝ Ալեքսանդրը: Տատը բավական տպավորված էր իր թոռան մասնակցությունից, ինչի մասին պատմեց ներկաներին։

Առաջին անգամ 30 տարի առաջ Հայաստան այցելած Վարդգես Նաջարյանը ամեն տարի այցելում է հայրենիք: Արցախյան գոյամարտի տարիներին նա վիրահատել է վիրավոր ազատամարտիկներին և այսօր էլ աջակցում է զինվորական հոսպիտալին: Նա ևս պատմեց իր թոռան մասին, թե ինչպես անցյալ տարի ամերիկյան դպրոցում հանդես եկավ զեկույցով՝ Մեծ Եղեռնի մասին։ Բարերարը կարևորեց «Արի տան» հայապահպան նշանակությունը։

Back to top button