Հասարակություն

ՀՀ նախագահն ընդունեց Երուսաղեմի պատրիարքին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Երուսաղեմի հայոց պատրիարք ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին: Հանրապետության նախագահը և Ամենապատիվ պատրիարքը զրուցել են ազգային-եկեղեցական հարցերի, Հայաստանի Հանրապետության և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև հաստատված սերտ համագործակցության, Երուսաղեմի հայոց պատրիարքության գործունեության, ինչպես նաև աշխարհասփյուռ մեր ժողովրդի կյանքում Հայոց եկեղեցու դերի և նշանակության հարցերի շուրջ:

Նախագահ Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է սուրբ հողում բազմադարյա պատմություն և հարուստ ավանդույթ ունեցող Երուսաղեմի նվիրապետական Աթոռի գործունեությունը հայոց հոգևոր և մշակութային ժառանգությունը պահպանելու և այն գալիք սերունդներին փոխանցելու գործում: Հաշվի առնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում՝ նախագահը վստահեցրել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ըստ անհրաժեշտության աջակցություն ցուցաբերելու Երուսաղեմի հայոց պատրիարքությանը՝ իր այդ կարևորագույն առաքելության իրականացման ճանապարհին։

Back to top button