Հասարակություն

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը կհիշատակվի Ազգային աղոթքի նախաճաշի շրջանակներում

Սիրանուշ Ղազանչյան
«Ռադիոլուր»

Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցը կհիշատակվի 2015 թ.-ի փետրվարին Վաշինգտոնում կայանալիք Ազգային աղոթքի նախաճաշի շրջանակներում: Ամերիկյան պատվիրակությունը Հայաստանում է՝ հրավիրելու հանրապետության քաղաքական ու հոգեւոր ղեկավարությանը մասնակցել նախաճաշին:

Ամերիկացի իրավաբան Բեն Սմիթը, ով ներկայումս խորհրդատվություն է տրամադրում ընկերություններին և հոգեւոր կառույցներին, անմիջականորոն ներգրավված է այդ միջոցառման կազմակերպման աշխատանքներին: «Մենք մեր ղեկավարության ողջյուներն ու նամակներն ենք բերել Հայաստանի առաջնորդներին՝ խրախուսելու համար նրանց մասնակցելու Միացյալ Նահանգներում կազմակերպվելիք հիշատակի արարողությանը»,-  «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց Բեն Սմիթը:

Ազգային աղոթքի նախաճաշը ամենամյա միջոցառում է, որը կազմակերպվում է Վաշինգտոնում փետրվարի առաջին հինգշաբթի օրը: Դուայթ Էյզենհաուերից սկսած ԱՄՆ բոլոր նախագահները ներկա են լինում նախաճաշին, որին մասնակցում են ավելի քան 2500 հյուրեր ողջ աշխարհից, ինչպես նաև ամերիկացի գործարարներ և կոնգրեսականներ: «Ազգային աղոթքի նախաճաշի ավանդոյթը սկսել է նախագահ Դույթ Էյզենհաուերը՝ նպատակ ունենալով գոնե մեկ օր մի տեղում հավաքել երկու կուսակցությունների ներկայացուցիչներին, որպեսզի նրանք մի կողմ դնեն իրենց տարբեր տեսակետներն ու տարաձայնությունները և կենտրոնանան հոգեւոր սկզբունքների վրա»,- ասում է իրավաբանը։

Նա ասաց, որ իրենք աշխատում են Միացյալ Նահանգների տարբեր հայկական համայնքների հետ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը Ազգային աղոթքի նախաճաշի շրջանակներում հիշատակելու համար: «Երեք տարի առաջ ես մասնակցել եմ հիշատակի արարողությանը Հալեպում, և դա իսկապես հզոր էր»,- ասաց Բեն Սմիթը:

Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների կողմից ցեղասպանության ճանաչմանը, ապա պարոն Սմիթն ասաց, որ ինքը լիազորված չէ զբաղվելու հարցի քաղաքական կողմով: «Չեմ կարող ասել, թե երբ և ինչպես նախագահ Օբաման կճանաչի այն, բայց կարծում եմ, որ շատ մարդիկ Ամերիկայում ճանաչում են այն»։

Հայաստանյան այցի շրջանակներում ամերիկյան պատվիրակության անդամներն հանդիպել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդ.- ին՝ քննարկելու Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելու հրավերը: «Այնուհետև մենք խոսեցինք երեխաներին օգնելու մեր պատրաստակամության մասին։ Կաթողիկոսը տեղեկություն տրամադրեց դպրոցների, մանկատների և երիտասարդական կենտրոնների մասին: Մենք նույնիսկ այցելեցինք դրանցից մեկը և տեսանք, թե ինչպես են երեխաները զբաղվում արվեստով, քանդակագործությամբ: Այն, ինչ նրանք անում են, իսկապես տպավորիչ է»,- ասաց Բեն Սմիթը:

Սա նրա առաջին այցն է Հայաստան, ասաց, որ տպավորված է մեր երկրով, մարդկանցով, պատմությամբ ու մշակույթով: Ափսոսում է, որ շատ մարդիկ իր երկրում այնքան էլ տեղեկացված չեն Հայաստանի մասին: “Կարծում եմ՝ Հայաստանը լավ պահպանված գաղտնիք է: Այն կարող է տուրիզմի համար լավ վայր լինել: Եթե ամերիկացիները ավելի շատ իմանային Հայաստանի մասին, երկրի գեղեցկության մասին, այն նրանց կհետաքրքրեր»:

Ամերիկյան պատվիրակներն այցելել են նաև մի շարք պատմամշակութային վայրեր ու թանգարաններ: «Ամերիկյան թանգարանները ներկայացնում են առավելագույնը 17-րդ դարի նմուշներ, մինչդեռ Հայաստանի թանգարանները տանում են ընդհուպ մինչև Ք.Ա. 6500 թ., և դա աներևակայելի է: Կարծում եմ, որ շատ ավելի ամերիկացիներ պետք է իմանան Հայաստանի մասին»։

Եվ վերջում՝ Բեն Սմիթն ասաց, որ տպավորված է հայերի նվիրավածությամբ իրենց, երկրին, մշակույթին ու ընտանիքին: Նա նկատեց, որ մարդիկ շատ հյուսասեր ու դրական են, չնայած այն ամենին, ինչի միջով անցել են:

«Շատ շնորհակալ եմ ղեկավարությանն ու եկեղեցուն ջերմ ընդունելության համար։ Մենք մտադիր ենք որքան հնարավոր է շուտ վերադառնալ Հայաստան»։

Back to top button