Երևանի վերջին դեռեւս պահպանվող մոհիկանը


Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Քաղաքացիական հերթական նախաձեռնությունը Երևանի կենտրոնում սկսված քաղաքաշինական հերթական նախագծի դեմ: Մոտ 2 շաբաթ «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության անդամները փորձում են թույլ չտալ Երևանի հնագույն շինություններից մեկի՝ Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների տան ապամոնտաժումը։ Շինությունն ընդգրկված է պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում: Նախաձեռնության անդամները համոզված են, որ ապամոնտաժումն անօրինական է: Նրանք որոշել են հարցը վիճարկել Վերաքննիչ դատարանում. հայցն արդեն ներկայացվել է՝ կից միջորդությամբ, որ ապամոնտաժման աշխատանքերը դադարեցվեն մինչև դատարանի վճռի կայացումը:
«Վերջին 15 տարիների ընթացքում Երևանում 29 հին շինություն է քանդվել, սա հին Երևանի վերջին մոհիկանն է, որ դեռ պահպանվում է»:
Վերջին մոհիկանը, որի մասին խոսում է ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը, Երևանի հնագույն շինություններից մեկն է՝ Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների տունը։ Շինությունն ընդգրկված է պետության կողմից պահպանվող 14 հուշարձանների ցանկում, որոնք ապամոնտաժման և տեղափոխման ենթակա են:
Ապամոնտաժման իրավական հիմքը Կառավարության 2004 թ. որոշումն է, որի հավելվածներից մեկով հաստատել է Երեւանի պատմության հուշարձանների, մյուսով՝ տեղափոխման ենթակա հուշարձանների ցանկը: Աֆրիկյանների շենքը երկրորդ ցանկում է, և դրա ապամոնտաժումն ու տեղափոխումը նախատեսվում է «Հին Երևան » նախագծի շրջանակներում:
«Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության անդամները հիշեցնում են, որ կառավարության ընդունած որոշումից 4 տարի անց ՝ 2008թ. Հայաստանը վավերացրել է Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան , որի հոդվածներից մեկը ուղղակիորեն արգելում է պահպանվող որևէ հուշարձանի ամբողջական կամ մասնակի տեղափոխումը, եթ թե այն չի բխում կառույցի պահպանման անհրաժեշտությունից»:
Նախաձեռնության անդամները նաև հիշեցնում են, որ Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ միջազգային կոնվեցիան գերակա է իրավական ակտերի նկատմամբ և եթե դրանով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:
Հենց այս հիմքով էլ նախաձեռնության անդամների անունից հասրակական երկու կազմակերպություն ուրբաթ օրը հայց են ներկայացրել ՀՀ Վարչական դատարան: Թե ինչ են վիճարկում, մանրամասնում է իրավաբան Անի Վարդանյանը:
«Դիմել ենք Վարչական դատարան՝ պահանջելով առ ոչինչ ճանաչել կառավարության ու քաղաքապետարանի այն որոշումները, որոնցով թույլատրվում է պետության կողմից պահպանվող հանրապետական նշանակության հուշարձանների ցանկում ընդգրկված Աֆրիկյանների շենքի ապամոնտաժումը»:
Պատասխանող կողմը կառավարությունն ու քաղաքապետարանն են: Նախաձեռնության անդամները հայցի հետ դատարան են ներկայացրել նաև միջոնրդություն, որով պահանջում են կասեցնել ապամոնտաժումը ՝ մինչ դատարանի վճռի կայացումը:
Նախաձեռնության անդամներից Սարհատ Պետրոսյանի դիտարկմամբ ՝ ապամոնտաժման աշխատանքները հատկապես ակտիվացել են շաբաթ օրը, այսինքն՝ դատարան դիմելուց հետո: Ըստ ճարտարապետի՝ ապամոնտաժման թույլատրությունը թեև տվել է քաղաքապետարանը, բայց բուն պատասխանատուն մշակույթի նախարարությունն է:
Ինչ վերաբերում է մշակույթի նախարարության դիրքորոշմանը, ապա այս գերատեսչության Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության ներկայացուցիչն լրագրողների հետ զրույցում վերջերս ընդունել էր, որ 2008-ին վավերացված կոնվենցիայի և 2004-ին ընդունված որոշման միջև հակասություն կա: Ըստ նրա՝ մշակույթի նախարարությունը խնդիր ունի համապատասխանեցնել իրավիճակը կոնվենցիայի հետ՝ բանակցելով սեփականատերերի հետ: Խնդիրն այն է, որ կան կառուցապատողներ, ովքեր դեռ չեն համաձայնում: Ի դեպ այս դեպքում կառուցապատողը «Միլենիում քոնսթրաքշն» ընկերությունն է:
«Եթե չեմ սխալվում տեղում նախատեսվում է հյուրանոց կառուցել, կառուցապատողը «Միլենիում քոնսթրաքշն» ընկերությունն է: Բյաց մեզ այնքան էլ չի հետաքրքում, թե ով է կառուցողն ու ինչ է կառուցվում: Մենք վիճարկում ենք շենքի տեղափոխման օրինականության հարցը»:
Եվ վերադառնալով հարցին, որ ապամոնտաժումը կատարվում է «Հին Երևան» նախագծի շրջանակներում, նշենք, որ սա եթնադրում է, որ շինությունը կապամոնտաժվի, քարերը կհարամարկալվեն ու կտեղափոխվի Հին Երևանի համար նախատեսված տարածք: Քաղաքաշինական այս ծրագրի պատմությունը սկսվում է 2005-ից: Դրանով նախատեսվում է մասնավոր ներդրումների հաշվին Երևանի կենտրոնից վերացնել հին ու կիսախարխուլ բնակելի ֆոնդը և Գլխավոր պողոտայի` Բուզանդի, Կողբացու և Արամի փողոցներով սահմանափակվող տարածքում վերականգնել «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը:
Ծրագիրն առայժմ ծրագրի որպես ծրագիր էլ մնում է. գործնական քայլեր առայժմ չկան:
«Մենք նախորդ տարիներին մի քանի անգամ գույքագրում ենք իրականացրել, հասկանալու համար թե տեղափոխման անվան տակ քանդված շենքերի քարերը որտեղ և ինչ վիճակում են: Տասնյակից ավելի շեմնքերից միայն 1,5-ի քարերն են ինչ-որ կազմակերպության պահեստում բացօթյա պայմաններում ու անփույթ գցված են: Նույնը սպասվում էնաև այս շենքին: Համանեայն դեպս՝ 15 տարվա մեջ ապամոնտաժված ու տեղափոխված որևէ շենք չի վերակռուցվել»: