ՎերլուծականՔաղաքական

Երևանի Եվրասիական ընտրությունը և Հայաստանի եվրոպական հեռանկարները

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Մամուլի ազգային ակումբը ՀՀ-ում  Ֆրանսիայի Հանրապետության  դեսպանության աջակցությամբ  այսօր հրավիրել էր հասարակական- քաղաքական քննարկում «Երևանի  Եվրասիական  ընտրությունը և  Հայաստանի եվրոպական հեռանկարները» թեմայով: Հուլիսի 1-ին ընդառաջ՝ Եվրասիական միությանն իր հնարավոր անդամակցությամբ որքանո՞վ են պարզորոշ  Հայաստանի եվրոպական հեռանկարները, որքանո՞վ են համադրելի երկու ուղղությունները, որո՞նք են  դեպի Եվրոպա  Հայաստանի  ճանահարհին հանդիպող խոչընդոտները և հնարավորությունները: 

«Հայաստանը վարում է քաղաքականություն, որը հարիր է իր պատմությանն ու աշխարհագրական դիրքին: Մի կողմից փորձում է ապահովել երկրի անվտանգությունը, մյուս կողմից՝  ժողովրդավարական ու տնտեսական զարգացումը». ըստ Հայասատոնում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի՝ հենց այս մոռեցումն էլ , գուցե, Հայաստանի իշխանություններին մղեց Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշում կայացնել ու միաժամանակ փորձել վերահաստատաել ու խորացնել հարաբերությունները Եվրոպական Միության հետ:

Ֆրանսիայի դեսպանը համաձայն է նախագահ Ֆրանսուա Օլանդի այն  մտքի հետ, որ Հայաստանի համար տարբերակված մոտեցում պետք է մշակվի, ինչը վերջինին հնարավությհուն կտա ասոցացվել Եվրամիության հետ, «որովհետև Հայաստանը խորապես եվրոպական է և իր մշակույթով, և պատմությամբ,  և որդեգրած արժեհամակարգով, և իր ժողովրդի կամքով, որն անընդմեջ դրսևորովում է»։

Ըստ դեսպանի՝ Հայաստանը կանգնած է մի խնդրի առջև, որն իր ուժերից վեր է, բայց խնդիր, որի լուծմանը  Հայաստանը կարող է բերել իր  օժանդակությունը: Այս համատեքստում Հայաստանի կողմից իրականացվող «և.. և»- ի քաղաքականության հեռանկարը Ֆրանսիայի դեսպան միանգամայն հնարավոր է համարում: Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն այդ կարծիքին չէ. «Եվրոպական ընտրությունը «կամ… կամ» է, այն չի կարող լինել «և… և»։ Հայաստանը և  ցանկացած որևէ երկիր չի կարող միաժամանակ լինել և Եվրոպայում, և Ռուսաստանում»,- ասում է իրավապաշտպանը։ «Հայաստանի իշխանությունն այսօր փակում է եվրոպական դուռը, բայց հույս ունեմ, որ  ժողովուրդը զոռով կբացի այդ դուռը»,- ամփոփեց Վարդան Հարությունյանը:

«Ժառանգությունից» Ստյոպա Սաֆարյանն էլ հույս ունի, որ Մաքսային միության ու Եվրասիական տնտեսական միության անդամակցության գործընթացները ժամանակավոր բնույթ են կրում և Հայաստանը մի օր անպայման կվերադառնա իր բնականոն վիճակին: Ստյոպա Սաֆարյանը  չի կիսում ֆրանսացի դեսպանի այն լավատեսությունը, թե Հայաստանը կարող է միջանկյալ դեր ունենալ Եվրասիական տնտեսական ու Եվրոպական միությունների միջև։ «Ռուսաստանը դա երբեէ թույլ չի տա»,- ասում է։

«Այն, ինչ մեզ կարող է առաջարկել Եվրասիական Միությունը, չի կարող առաջարկել Եվրամիությունը, և՝ հակառակը»,- ասում է ԱԺ ՕԵԿ խմբակցության  պատգամավոր Լևոն Դոխոյանը, ով, իր իսկ ձևակերպմամբ, բալանսավորված արտաքին քաղաքականության կողմնակից է:

«Նոր ժամանակներ» կուսակցության  նախագահ Արամ Կարապետյանը ինչպես Հայասատնի անվտանգության ապահովման , այնպես էլ տնտեսական զարգացման առումով Եվրասիական տնտեսական միությանն այլընտրանք չի տեսնում։

«Ա 1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսիսյանը կիսում է բոլոր տեսակետները, որովհետև, ինչպես նշում է, յուրաքանչյուրի մեջ ճշմարտության  բաժին կա, բայց արդյունքում արձանագրում է պատմական դարձած ճշմարտությունը. «Գերտերությնունների շահերը բախվում  են, տուժում են փոքր ժողովուրդները»: Հազարամյակներ շարունակ այդպիսին է եղել Հայաստանի ճակատագիրը։

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն էլ պիտի կարծիք հայտներ թեմայի շրջանակներում, բայց չհաջողվեց: Քաղաքագետի ծավալուն զեկույցը նվիրված էր մոդեռնիստական Եվրոպայի հոգեվոր ու բարոյական անկմանը: Ֆրանսիայի դեսպանին իր խորը ցավն ու հիասթափությունը հայտնեց, որ Շեքսպիրի, Բայրոնի, Գյոթեի, Բախի, Բեթհովենի, Մոցարտի, Հյուգոյի, Պասկալի ու մյուսների Եվրոպան այլևս գոյություն չունի: Հովհանիսյանն իր տեսակետւը հիմնավորեց գրական ու գիտական աշխատություններից բազմաթիվ մեջբերումներով եւ տարակուսած  Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյին հուսադրեց, որ կործանման եզրին կանգնած Եվրոպան, այնուամենայնիվ, կարող է գտնել իր փրկությունը հայկական լեռնաշխարհում։

Հմայակ Հովհաննիսյանը Ֆրանսիայի դեսպանին հասցրեց նաև պատմել,  թե ինչպես 2012-ի խորհրդարանական ընտրություններին, ինքը ՝ ԲՀԿ-ական թեկնածուն, հալածանքների ենթարկվեց, կեղծ մեղադրանքների արժանացավ, ընկավ դատարանների դռներն ու  մնաց առանց մանդատի։

Back to top button