ԿարևորՔաղաքական

67 կողմ եւ 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու փաթեթը

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Երկու օր առաջ Աժ-ի նախագահ Գալուստ Սահակյանը` դիմելով ընդվզող խորհրդարանական ընդդիմության սպառնաց. այսպես աշխատելու դեպքում արտահերթ կարգով խորհրդարանն աշխատելու է նաեւ հաջորդ երկուշաբթի եւ երեքշաբթի: Սակայն, այսօր արդեն Գալուստ Սահակյանը փորձեց կրճատել արտահերթ աշխատանքային օրերը: Օգտվելով 108 պատգամավորի գրանցման առիթից, քվեարկության դրեց առաջարկ. այսօր աշխատել մինչեւ կառավարության առաջարկած օրակարգի սպառումը: Թեեւ Աժ-ի կանոնակարգով սահմանված չէ միեւնույն քվեարկությունը կրկնել այնքան` մինչեւ ցանկալի արդյունք գրանցվի, բայց այս դեպքում Աժ-ի նախագահը երեք անգամ կրկնեց նույն քվեարկությունը:

Ընդդիմությունը սկզբունքորեն չէր քվեարկում, այնպես որ առաջին երկու քվեարկությունների դեպքում առաջարկը չընդունվեց: Միայն երրորդ քվեարկությունից հետո գրանցվեց ցանկալի արդյունք. Որոշումն ընդունվեց 68 կողմ 1 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Այս ամբողջ ընթացքում վարման կարգի վերաբերյալ ձայն էր պահանջում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Միայն քվեարկությունից հետո նրան ձայնի իրավունք տրվեց:

«Ես պահանջում եմ 20 րոպեանոց ընդմիջում»:

Ամեն դեպքում նիստը դեռ չսկսված ընդմիջվեց 20 րոպեով: Ի դեպ` հանրապետականը շտապում է եւ աշխատում է ամեն ինչ ավարտել այսօր, քանի որ հաջորդ շաբաթ մեկնարում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը: Ըստ այդմ` հայկական պատվիրակությունը մեկնելու է Ստրասբուրգ: Հաշվի առնելով անցած օրերի իրավիճակը, երբ գործուղումներում գտնվող պատգամավորների բացակայության պատճառով ընդդիմությունը հեշտորեն տապալում էր քվեարկությունները` դեպքերի զարգացման այս սցենարը խորհրդարանական մեծամասնության համար այլեւս ընդունելի չէ:

Հենց այսօր էլ` ընդմիջումից հետո, առաջին ընթերցմամբ քվեարկության դրվեց Կուտակային կենսաթոշակների մասին փոփոխված օրինագիծը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը այսօր տեղեկացրեց, որ երեկվա քննարկումներից հետո` արված առաջարկությունների հիման վրա ներկայացված փաթեթում իրականացվել են փոփոխություններ: Դրանք հիմնականում խմբագրական են: Ու չնայած սրան նախագիծն ընդունելի չէր ընդդիմադիրների համար: Նրանք կրկին չքվեարկեցին` հույս ունենալով, որ քվորումի պատճառով նախագիծը չի ընդունվի, սակայն, Աժ-ի նախագահը հայտարարեց. 67 կողմով նախագիծն ընդունվել է: Դրանից հետո խորհրդարանը վերածվեց անկառավարելի մի զանգվածի:

 «Ես այսքան նվաստացած եմ ինձ զգում… չի կարելի այսպես վարել: Մեր իրավունքի մեջ է քսան րոպե ընդմիջում վերցնել, ինչու չեք տալիս: Այդ օրենքը, որ այստեղ անցկացրեցիք, ժողովրդի 80 տոկոսը չի ընդունում այն: Մենք խնդիր ունենք քննարկելու, թե ինչ ենք անելու և պահանջում ենք 20 րոպե ընդմիջում»,- ասաց ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը:

Այսքանից հետո ընդդիմադիրների ընդվզումը չավարտվեց: Օրինակ` Բարգավաճ Հայաստան խմբակցության անդամները ցուցադրաբար լքեցին դահլիճը` դրանով ցույց տալով իրենց վերաբերմունքը ստեղծված աշխատաոճի հանդեպ:

Մինչ դահլիճում հնչում էին հայտարարություններ, ոչ իշխանական քառյակը դահլիճից դուրս հավաքվեց, քննարկեց եւ ընդունց հայտարարություն, որին միացավ նաեւ Օրինաց Երկիր խմբակցությունը: Հայտարարությամբ, ոչ իշխանական ուժերը փաստեցին խորհրդարանական ճգնաժամը, դատապարտեցին խորհրդարանական մեծամասնության այսօրվա գործելաոճը, անվավեր ճանաչեցին Կուտակային կենսաթոշակների մասին փոփոխված օրինագիծի քվեարկությունը եւ զգուշացրեցին. Մինչեւ վերջ պայքարելու են այդ օրենքի դեմ: Նույնիսկ արդեն հիմա նախադրյալներ կան Սահմանադրական Դատարան դիմելու համար, ասաց Դաշնակցությունից Աղվան Վարդանյանը:

Խորհրդարանական ընդդիմությունը որոշել է իր բոյկոտը այսօր շարունակել մինչեւ օրվա վերջը:

Back to top button