Հասարակություն

Միասնական քննությունների առաջին փուլից գոհ է ԿԳ նախարարը

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Միասնական քննությունների առաջին փուլը մոտենում է ավարտին: Դիմորդներն արդեն քննություն են հանձնել «կենսաբանություն», «աշխարհագրություն», «ընդհանուր պատմություն», «հայոց լեզու և գրականություն», «ֆիզիկա», «օտար լեզու», «մաթեմատիկա», «հայոց պատմություն», «քիմիա» առարկաներից: 

Միասնական քննությունների առաջին փուլը մոտենում է իր եզրագծին: Քննությունների այս տարվա ընթացքից ընդհանուր առմամբ գոհ են թե կազմակերպիչները և թե դիմորդներն ու նրանց ծնողները: Դա մասին է վկայում նաև բողոքարկումների անհամեմատ փոքր թիվը, Ռադիոլուրի հետ զրույցում հայտնեց ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանը: Նրա հավաստիացմամբ` բողոքարկումներից և ոչ մեկը թեստային առաջադրանքի բովանդակության հետ կապ չի ունեցել:

Այս տարվա քննությունների առաջին փուլի արդյուքներից գոհ է նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Այսպիսով` քննությունների առաջին հիմնական փուլը կավարտվի հունիսի 23-ին: Դիմորդներն այդ օրը քննություն կհանձնեն ռուսաց լեզվից: Մինչ այդ ամփոփելով նախորդ քննությունների արդյունքները` նշենք, որ կենսաբանություն առարկայի միջին միավորը եղել է 11,24-ը, աբավարար է ստացել դիմորդների 21 տոկոսը, առավելագույն 20 միավոր է ստացել 45 դիմորդ: Քննությանը մասնակցել են 1380 հոգի: Կենսաբանություն առարկայից ԳԹԿ-ն ստացել է 43 բողոք` հիմնականում վերահաշարկի հետ կապված: Ֆիզիկայի քննությանը մասնակցել է 2200 դիմորդ, միջին միավորը 12: 20 միավոր է ստացել 40 դիմորդ, դրական միավորի շեմը չի հաղթահարել դիմորդների 20 տոկոսը:

Հայոց լեզվի և գրականության քննությանը մասնակցել է 7428 դիմորդ: Անբավարար է ստացել դիմորդների 10 տոկոսը, միջին միավորը եղել է 13-ը, առավելագույն 20 միավոր են ստացել 97 հոգի: Թերևս այս առարկայից էլ գրանցվել են ամենամեծ թվով դիմումները: Դրանք դարձյալ տեխնիկական բնույթի են եղել: Օտար լեզվի քննությանը մասնակցել է շուրջ 6000 դիմորդ: առավելագույն 20 միավոր են ստացել 201 հոգի, միջին միավորն այս առարկայից 14-ն է: Ընհանուր պատմություն են հանձնել 133 հոգի, անբավարար է ստացել դիմորդների 8 տոկոսը, միջին միավորն այս առարկայից 12.5-ն է: Առավելագույն 20 միավոր է ստացել 1 դիմորդ: Դեռևս հայտնի չեն մաթեմատիկայի, հայոց պատմության և քիմիայի արդյուքները: Միասնական քննությունների լրացուցիչ փուլի դիմում հայտերի ընդունումը մեկնարկում է հունիսի 24-ին:

Back to top button