Հասարակություն

Արմավիրի մարզի Արևիկ համայնքի ճանապարհները կկառուցվեն 2015թին, հուսադրել է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»-Արմավիր

Արմավիրի մարզի Արևիկ գյուղը մասնագիտացված է խաղողի մշակության մեջ: Նախորդ տարում կարկտահարությունից վնասվեց խաղողի այգիների մի մասը, այս տարի էլ ցրտահարվեցին վաղահաս սորտերը, այսինքն` բերքը մասամբ պակաս կլինի : Ոռոգման ջրի պակասով պայմանավորված ոռոգումն արդեն սկսել են եռօրյա գրաֆիկով, իսկ տարիներ շարունակ բարձրացվող ճանապարհների նորոգումը նախատեսվել է 2015թ-ին:

 

Արմավիրի մարզի Արևիկ համայնքում գյուղացիները հիմնականում զբաղվում են խաղողագործությամբ: Կարելի է ասել մարզի յուրաքանչյուր համայնք հողի մշակության իր տեսակն ունի, մեկը մասնագիտացել է այգեգործության մեջ, մյուսը` պտղաբուծության, հաջորդը բանջարեղենի, բոստանի, կանաչեղենի և այլն: Ասել է, թե մեկը մյուսին չի խանգարում, ունի իրացման իր տարբերակը և այս կերպ պահպանում են գյուղմթերքների արտադրության իրենց հաշվեկշիռը: Եթե դա խախտվում է, ապա գյուղացիները կատակում են` այգեշատցին թող սոխ մշակի, տանձուտցին` վարունգ, մրգաշատցին` ռեհան, արմավիրցին` գիլաս, արևիկցին` խաղող: Տարվա ցրտահարության պատճառով Արևիկում խաղողի բերքը կիսով չափ պակասել է: Յուրիկ Ծատույանը շուրջ 4500 քմ խաղողի այգուց գրեթե միշտ ստանում է մոտ 40 տոննա բերք, որն ամբողջությամբ արտահանում է, իսկ այս տարի սպասվում է 20-22 տոննա :

Այգում մասնագիտական աշխատանքներ իրականացնելու համար յուրաքանչյուր օրվա համար վճարում են 10000 դրամ, իսկ մյուս աշխատանքների համար` 5000 դրամ: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը լինելով Արևիկում հետաքրքրվեց գյուղացիներին հուզող խնդիրներով, դժգոհությունը ոռոգման ջրից է: 2 օր ոռոգման ջուր են տվել, քիչ քանակությամբ, 3 օր է չկա: Ջրաշրջանառությունը նախատեսել են ոռոգման ջրի պակասի պատճառով:

Արևիկ գյուղի միջհամայնքնային ճանապարհները քանդված են, խնդիրը բազմիցս բարձրացվել է, սակայն լսող չկա, ասում են արևիկցիները, տրանսպորտային միջոցները հաճախ են շարքից դուրս գալիս, դրանից խուսափելու նպատակով Արմավիրի քաղաքից ուղիղ գծով գյուղ հասնելու փոխարեն, նախընտրում են կրկնակի երկար ճանապարհով, մի քանի գյուղերի շրջանցումով գնալ Արևիկ: Արմավիրի մարզպետն այս անգամ հուսադրող պատասխան ուներ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանից, 19 կմ 600 մ Արմավիր,-Մրգաշատ-Արևիկ-Եղեգնուտ-Երասխահուն ուղղությամբ նոր ճանապարհ է կառուցվելու, որի արժեքը կկազմի շուրջ 2.8 միլիարդ դրամ: Ճանապարհաշինության մրցույթը նախատեսվել է սեմպեմբեր ամսին:

Արևիկ գյուղում նախորդ տարվա ցրտահարված այգիները դեռ չեն վերականգնվել, փոխարենը այգետերերը մասամբ զբաղվում են բանջարեղենի, հիմնականում սմբուկի արտադրությամբ և հետաքրքրված էին իրացման խնդիրներով: Արմավիրի մարզպետը տեղեկացրերց, որ հանձնարարված է գյուղմթերքներ վերամշակող ձեռնարկություններին մթերել սահմանված քանակի բերքը:

Back to top button