Հասարակություն

Փախստաանների խնդրին Հայաստանը բախվում է արդեն 26 տարի. աշխարհում 50 մլն փախստական կա

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Փախստականների հիմնահարցերը այսօր բավականին հրատապ են արդի աշխարհում: ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանից հետո առաջին անգամ համաշխարհային բռնի տեղահանումը գերազանցեց 50 միլիոնի սահմանը: Միայն անցյալ տարվա ընթացքում հարկադրաբար տեղահանվածների թիվն ամբողջ աշխարհում ավելացավ 6 միլիոնով։

ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում կայացած միջացառմանը օրվա խորհրդին անդրադարձավ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը։ «Փախստականների միջազգային օրը կոչված է հիշեցնել բոլորին տասնյակ միլիոնավար այս կարիքավորների հոգսերի մասին և նրանց օգնության ձեռք մեկնել»։

Այս տարի փախստականեերի աջակցության ծրագրերի շրջանակում՝ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակին տրամադրված գումարի չափը եռապատկվել է՝ հասնելով 1,8 մլն ԱՄՆ դոլարին: Այն հիմնականում ուղղվելու է սիրիահայ գաղթակնների օգնությանը: Մասնավորապես՝ «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի միջոցով իրականացվում են մի շարք ծրագրեր: «Փախստականների ինտեգրումը կրթության միջոցով» ծրագրի ղեկավար Մարինե Թունյանը «Ռադիոլուրին» հայտնեց, որ տարեկան մինչև 200 փախստական մասնակցում է ծրագրին։

Եթե այս ծրագրի սիրիահայ մասնակիցները արդեն ստացել են պահանջարկ վայելող խոհարարի հմտություններ, ապա  «Ընտանիքի ընկեր» ծրագիրը կոչված է կամավորների միջոցով աջակցել փախստականներին և ապաստան հայցողներին: Ըստ ծրագրի համակարգող Զարուհի Հարությունյանի՝ ընդգրկված է 17 շահառու ընտանիք, որոնցից 16-ը Սիրիայից են և մեկը՝ Իրանից։

Փախստականների խնդիրներին մեր երկրում լավատեղյակ է տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Նրա համար Փախստականների միջազգային օրը յուրովի է ընկալվում: Հայաստանի համար փախստականների խնդիրները նոր չեն: Վերջին 26 տարիների ընթացքում մեր երկիրը ընդունել է հարյուր հազարավոր փախստականներ Ադրբեջանից, Հյուսիսային Կովկասից, Իրաքից և Սիրիայից: Արդեն ստացվել են առաջին դիմումները ուկրաինահայերից, հավելեց ծառայության ղեկավարը։

Back to top button