Հասարակություն

Արդյունավետ փորձի փոխանակում՝ հայ եւ ֆրանսիացի ճանապարհային ոստիկանների միջեւ

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Հունիսի 16-ից Հայաստանում են Ֆրանսիայի Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները: Նրանց այցի նպատակը տեխնիկական միջոցներով երթեւեկության վերահսկման փորձի փոխանակումն է: Հայաստանի Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանի խոսքով` բավականին արդյունավետ է եղել համատեղ աշխատանքը եւ երկուստեք օգտակար:

Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալն անդրադարձել է նաեւ տուգանքների վերաբերյալ ոչ պատշաճ ծանուցման խնդրին` նշելով, որ բողոքներ բավականին շատ կան եւ Ճանապարհային ոստիկանությունը նման դեպքերի հետ կապված` ղեկավարվում է օրենքով սահմանված ընթացակարգերով` վարորդներին հնարավորինս զերծ պահելով քաշքշուկներից: Ընդհուպ`մինչեւ սեփական նախաձեռնությամբ պահանջից հրաժարվելը: Փորձագիտական հետեւություններ եւ եզրակացություններ ֆրանսիացի ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչների կողմից: Ֆրանսիայի հանրապետության ճանապարհային անվտանգության հանրապետական ընկերակցության ներկայացուցիչ Քրիստոֆ Ռուժոյի գնահատմամբ` անցած երկու տարիներին Հայաստանում տեխնիկական միջոցների ներդրումը բավականին արդյունավետ է կատարվել:

«Տեսանկարահանող եւ արագաչափերի համակարգի ներդրումը բավականին հաջող է զարգացել` հնարավորություն տալով փրկելու բազմաթիվ կյանքեր»,- արձանագրեց ֆրանսիացի ճանապարհային ոստիկանը:
Նրա խոսքով, սակայն, իրենց փորձառությունը հուշում է, որ դեռեւս շատ անելիքներ կան: Համակարգը ֆրանսիայում ներդրվել է 2003 թվականից: Վիճակագրության համաձայն` համակարգի ներդրումից հետո ՃՊՏՊ-երից տարեկան մահացության դեպքերը 8 հազարից նվազել են` հասնելով մինչեւ 3.200-ի: Նման վիճակագրություն Երեւանի կտրվածքով ներկայացրեց նաեւ ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը:

Ֆրանսիացի ոստիկանների կարծիքով` Հայաստանում պետք է շատացնել արագաչափերի թիվը, միաժամանակ` կիրառելով հատկապես շարժական արագաչափեր: Այդ դեպքում շատ կարճ ժամանակահատվածում հնարավոր կլինի ավելի լավ արդյունքների հասնել` համոզմունք հայտնեց ֆրանսիացի ոստիկանը: Դա է ցույց տալիս ֆրանսիայի փորձը:

Իր հերթին Ֆրանսիայի ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչ Օլիվիեր Բղեմոն շեշտեց, որ համակարգի ներդրումը ֆրանսիայում նույնպես դժվարությունների է հանդիպել: Խոսքն այն մասին է, որ հասարակությունը սկզբնական շրջանում բավականին մեծ դժգոհություններ է ունեցել:

«Սակայն 13 տարի անց վստահաբար կարող ենք ասել, որ համակարգի ներդրումը շատ արդյունավետ էր` ճանապարհային անվտանգության ապահովման առումով»,-շեշտեց ֆրանսիայի ճանապարհային ոստիկանության լեյտենանտը:
Նրա խոսքով` համակարգը նպաստում է մարդկանց կյանքեր փրկելուն, հետեւաբար դա կարեւոր առաքելություն է: Համակարգի հետ կապված փորձի փոխանակումն էլ, ֆրանսիացի ոստիկանի գնահատմամբ, բավականին արդյունավետ է եղել: Ֆրանսիայի դեպքում, օրինակ, վարորդները համացանցում չեն կարող դիտել իրենց կատարած խախտումը: Մի բան, ինչը Հայաստանում առկա է եւ այս փորձն, օրինակ, ֆրանսիացի ոստիկանները անպայման կներդնեն իրենց մոտ: Նրանք գնահատել են նաեւ այն, որ Հայաստանն ունի առանձին ճանապարհային ոստիկանություն: Վարորդական վկայական եւ ավտոմեքենայի պետհամարանիշ մեկ կենտրոնում ու մեկ օրում ստանալու հնարավորությունը նույնպես ֆրանսիացի ոստիկաններին դուր է եկել: Ֆրանսիական փորձից էլ Հայաստանը սովորելու բան ունի: Օրինակ` շարժական արագաչափերի կիրառումը, սկսնակ վարորդների մեքենաների համար հատուկ պարբերանշանների կիրառում եւ այլն:

Back to top button