Մշակույթ

Շքամուտք» ֆիլմի պրեմիերան` այսօր

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Այսօր տեղի կունենա «Շքամուտք» ֆիլմի պրեմիերան: 100 րոպե տևողությամբ դրամա – տրագիկոմեդիա ֆիլմում մեկտեղված է 5 պատմություն` սիրո, դավաճանության, պայքարի ու հավատի մասին: Ֆիլմում յուրաքանչյուր բացվող մի օր իր հետ բերում է մի նոր պատմություն, որը սկսում է ապրել «Շքամուտքի» դռներից մեկի ետևում:

Մի մուտք, մի քաղաք, մի մոլորակ. Ֆիլմում ընդհանրացված են տարբեր ժամանակաշրջաններ` 90-ականներից մինչև մեր օրեր, որոնք էլ իրենց ազդեցությունն են թողել մարդկային բազում ճակատագրերի վրա: ֆիլմի մեջ ներառված է 5 նովել:

Սիրո պատմությունից և արտագնա աշխատանքից էլ ծնվում են ֆիլմի մյուս նովելները, որոնք մեկտեղվել են մեկ շքամուտքում: Ռեժիսոր Լուսինե Սարգսյանի խոսքով` այս շքամուտքում է արժևորվում կորցրածն ու գտածը, միահյուսվում մարդկային ճակատագրերը, որոնք վերածնվում են նոր ժամանակի մեջ:

Սցենարներից երկուսը նկարահանվել են իրական դեպքերի վրա: «Մի’ գնա» նովելի հեղինակ Գնել Նալբանդյանն իր ստեղծագործության վրա աշխատել է գրեթե մեկ տարի և ուրախ է, որ այսօր այն արդեն դարձել է սցենար և հանդես է գալիս «Շքամուտքում»:

Գնել Նալբանդյանի վստահեցմամբ` այս Ֆիլմը տարբերվելու է վերջին շրջանում նկարահանված ֆիլմերից, քանի որ և կատակերգություն է, և դրամա։ Ֆիլմում ռեժիսորը հանդիսատեսին մտածելու տեղիք է տվել, ինչն էլ, Գնել Նալբանդյանի ձևակերպմամբ, քիչ է պատահում վերջին շրջանում ծնված ֆիլմերում: Ֆիլմի ռեժիսոր Լուսինե Սարգսյանը խոստովանում է, որ մեկ շքամուտքում մեկտեղել տարբեր ժամանակների մեջ տեղի ունեցող 5 պատմություն, դժվար է, սակայն հաղթահարել են:

Արդյունքներից ռեժիսորը գոհ է և նշում է, որ այս ֆիլմով փորձում են այսօրվա երիտասարդներին փոխանցել այն ուժն ու հավատը, որով պայքարել են 90- ականների հասարակությանը՝ հասնելով մեր օրեր:

Back to top button