Հասարակություն

Հրաչյա Հարությունյանն ազատ չի արձակվել (լրացված)

Մոսկվայում արդեն մեկ տարի անազատության մեջ գտնվող Հրաչյա Հարությունյանը ազատ չի արձակվել, ռուսական լրատվամիջոցներն ապատեղեկատվություն են տարածել: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բռնությունների կանխարգելման վարչության պետ, իրավապաշտպան Երանուհի Թումանյանցը:

«Այժմ Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանի հետ միասին փորձում ենք պարզել, թե ինչն է հիմք հանդիսացել, որ ռուսական լրատվամիջոցները նման տեղեկատվություն տարածեն», -հայտնեց Թումանյանցը:

Նշենք, որ ռուսական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ «Մոսկովյան քաղաքային դատարանի նախագահությունը որոշել է չերկարաձգել հայազգի վարորդ, Մոսկվայում անազատության մեջ գտնվող Հրաչյա Հարությունյանի կալանքի ժամկետը»: Ըստ աղբյուրի, դատարանի նախագահությունը քննարկել է Տվերսկի դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումը, հայտանբերել խախտումներ, որից հետո նյութերն ուղարկվել են կրկնակի ուսումնասիրության:

Նա ներկայացրեց, որ իրականում Մոսկովյան քաղաքային դատարանի նախագահությունը այսօր քննել է դեռևս 2013 թվականի դեկտեմբերին դատական նիստում Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու մասին որոշումը:

«Դեռևս այն ժամանակ փաստաբանների կողմից բարձրացվել էր հարցը, որ տվյալ որոշումը կալանավորելու մասին օրինական չէ և փաստացի Հրաչյա Հարությունյանն անօրինական կերպով պահվում է կալանքի տակ: Այսօր դատական նիստի ժամանակ դատարանը քննել է և արձանագրել, որ դեռևս դեկտեմբերին կայացած դատական նիստում Հարությունյանին կալանավորելու մասին որոշումն իրավաչափ չէ, խախտվել է Հարությունյանի ազատության իրավունքը», -բացատրեց Երանուհի Թումանյանցը:

Հարցին, թե արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Հրաչյա Հարությունյանն ազատ է արձակվել, իրավապաշտպանը պատասխանեց. «Ոչ դա այդպես չի նշանակում: Տվյալ որոշումը կայացվել է նախաքննության փուլում, իսկ այժմ դատաքննության փուլն է, ու գործը լսվում է դատարանում, հետևաբար այդ որոշումը չի կարող տարածվել այս փուլի վրա: Հրաչյա Հարությունյանն ազատ չի արձակվում, պարզապես արձանագրվում է նրա իրավունքների խախտումը»:

Փաստորեն, եթե արձանագրվում է, որ Հարությունյանի իրավունքները խախտվել են, հնարավո՞ր է պաշտպանական կողմը բարոյական վնասի փոխհատուցման պահանջ ներկայացնի ռուսական իրավապահ մարմիններին, հարցին ի պատասխան Թումանյանցը նման զարգացում չբացառեց. «Ի տարբերություն հայաստանյան օրենսդրության, ռուսական օրենսդրությունն ունի բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտ: Պաշտպանական կողմը իր տակտիկան ունի և հնարավոր է, որ այս պահին նման քայլ չձեռնարկի, սպասեն գործն ավարտվի և նոր միայն այդ հարցով դիմեն դատարան»:

Հիշեցնենք` 2013-ի հուլիսի 13-ին բեռնատարի հայազգի վարորդը չէր կարողացել կառավարել մեքենան և Նոր Մոսկվայում վթար էր տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել էին ավտոբուսի 18 ուղևորներ և շուրջ 40-ն էլ ստացել էին վնասվածքներ: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՌԴ Քր. Օր.-ի երկու հոդվածներով, որոնցից մեկը վերաբերում էր կեղծ փաստաթղթեր ներկայացնելուն: Այս մեղադրանքը սակայն Հրաչյա Հարությունյանը չէր ընդունել:

Back to top button