ԿարևորՔաղաքական

Կենսաթոշակային բարեփոխումները կրկին խորհրդարանական քննարկումների առանցքում

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Այսօր խորհրդարանը քննարկել է կենսաթոշակային բարեփոխումների բազմաչարչար փաթեթը, որը կրկին խիստ քննադատության արժանացավ: Դաշնակցությունից Արծվիկ Մինայսնաը նույնիսկ օրինաչափություն կամ միտում է նկատել. այս հարցը խորհրդարանում միշտ ներկայացվել է արտահերթ նիստերում եւ հրատապության ռեժիմով: Անկախ փաթեթի՝ց այսօր խորհրդարանի ամբիոնը խիստ քաղաքականացված էր եւ Աժ-ում հնչեցին բազմաթիվ մեղադրանքներ եւ կոչեր:

Խորհրդարանի այս արտահերթ նստաշրջանի ընթացքում այսօր գրանցվեց արտասովոր իրավիճակ: Խորհրդարան էր եկել 105 պատգամավոր եւ ԱԺ ղեկավարությունը, օգտվելով առիթից, միանգամից անցավ նախորդ օրերին քննարկված հարցերի քվեարկությանը: Այն տեւեց շուրջ 15 րոպե. քվեարկության դրված բոլոր հարցերն ընդունվեցին: Բայց խորհրդարանում այսօր միեւնույնն է՝ ծանր մթնոլորտ էր` երեկվանից մնացած:

«Բարգավաճ Հայաստան»- ից Վահե Հովհաննիսյանը հատուկ ընդգծեց, որ ամենեւին չեն հրճվում, երբ խաթարվում է խորհրդարանի աշխատանքը, բայց «չենք ուզում առանց օրենքները կարդալու, առանբց հանրության կարծիքը հասկանալու քվեարկել: Գիտեք, ԲՀԿ-ում կան խելացի մարդիկ, սակայն հանճարեղ մարդիկ, ցավոք սրտի, չկան եւ ոչ մեկը չի կարող մեկ րոպեում հազար էջ կարդալ եւ հասկանալ: Միգուցե՝ կառավարությունում կան: Մենք խաղում ենք հազարավոր մարդկանց ճակատագրի հետ: Իրոք, բարոյական խնդիր կա»։

Երեկվանից հետո իշխանական թեւից ընդդիմության հասցեին հնչած մեղադրանքներին այսօր պատասխանեց նաեւ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։ «Հլը մի բան էլ մեղադրում եք մարդկանց, քառյակի մասին եք խոսում: Է լավ ենք անում, պահեիք ձեր քառյակը։ Մենք փաստեր ենք բերում` Բրյուսելից Աստանա խայտառակություն է արտաքին աշխարհում, արտաքին ներդրումների 60 տոկոսը գնում է, փոքր բիզնեսը ոչնչանում է, արտագաղթը սպանում է երկիրը: Երեկ մեղադրում էին ընդդիմությանը Հայաստանը կործանելու մեջ` իշխանությունը թույլ չի տա ընդդիմությանը կործանելու երկիրը: Մեղա քեզ, տեր Աստված»։

Այսօր խորհրդարանը քննարկում էր կենսաթոշակային բարեփոխումների փաթեթում արված փոփոխությունները: Ընդդիմադիրները տարբեր կերպ բնութագրեցին այն: Մեկն ասաց, որ «Գումարելիների փոփոխությունից գումարը չի փոխվում», մյուսն ավելացրեց` «Աղբի անունը մեղր դնելով` աղբը մեղր չի դառնա»: Հնարավոր տարբերությունը Արծվիկ Մինասյանը փորձեց պարզել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից.

— Դուք իսկապե՞ս գտնում եք, որ եթե պարտադիր կուտակային վճար բառը փոխենք սոցիալական նպատակային բառով, դրանից պարունակությունը փոխվում է:
— Այս առումով, կարծում եմ, շատ հստակ են մեր մոտեցումները եւ այն, ինչ ամրագրված է փաթեթում: Իհարկե, եթե դուք ցանկություն չունեք տեսնելու դրանց միջեւ տարբերությունները, բնական է, որ չեք կարող տեսնել։

Այս հարցում ավելի ազնիվ լինելու կոչով կառավարությանը դիմեց  ՕԵԿ- ից Հովհաննես Մարգարյանը: «Այլ կլիներ մոտեցումը, եթե կարողանայինք շիտակ ձեւով քննարկել ստեղծված իրավիճակը։ Առաջացել է մի մեծ ֆինանսական ճեղքվածք եւ, ասենք, որ այսօր պետք է փնտրենք լրացուցիչ միջոցներ եւ ասեինք, որ այո, մենք այն 24.5 տոկոսը եկամտային հարկի չենք փոխում կամ դարձնում ենք 25 տոկոս։ Այստեղ պետությունը դնում է լրացուցիչ գումար, որպեսզի ապագայում մեր քաղաքացիները արժանապատիօվ կենսաթոշակ ստանան: Սա կլիներ ավելի ազնիվ, ավելի շիտակ եւ ավելի արդար»։

Կենսաթոշակային բարեփոխումների փաթեթը «բարեփոխված նախագիծ» է, ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Հատուկ ընդգծեց՝ դե-ֆակտո՝ մասնավոր սեկտորում «պարտադիրը» երեք տարով հետաձգվում է` մինչեւ 2017 թվականը: Իսկ հուլիսի 1-ից սոցիալական վճարը պարտադիր է լինելու միայն պետական համակարգի 1974 թվականից հետո ծնված աշխատողների համար, քանի որ հենց հուլիսի 1-ից էլ բարձրանալու են պետական աշխատողների աշխատավարձերը:

Ի դեպ` կառավարությունը նույնիսկ հուշում է սոցվճար անելու հնարավոր տարբերակները: Դրանցից մեկով խորհուրդ են տալիս պետական աշխատողներին տրված սոցփաթեթներից կատարել այդ փոխանցումները: Ամեն դեպքում՝ խորհրդարանական ընդդիմությունը դեմ է ներկայացված նորացված փաթեթին: Ասում են՝ մերժելի է շատ պատճառներով, եւ կրկին իր մեջ հիմքեր է պարունակում Սահմանադրական դատարան դիմելու համար: Հրահանգով քվեարկելու առումով էլ նշեցին.«Ըընդունում եք` ընդունեք, վերջում կունենանք դատարկված Հայաստան»։

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր օգտվեց արտահերթ ելույթ ունենալու իրավունքից եւ խոսնք ուղղեց ընդդիմադիր գործընկերներին. «Ի՞նչ է նշանակում գալ եւ այստեղ 70 հոգու դասեր տալ, խելք ցույց տալ, ասել, որ կարդացած չենք: Հարի՞ր է, խոսել  այդ տոնով, որ քաղաքական մեծամասնության մեջ «պեղեք»՝ 5 հոգի չեք գտնի: Ի վերջո՝ մի բան հասկացեք. քաղաքական փոքրամասնությունը որեւէ երկրում որոշում չի ընդունվում: Եթե դուք ուզում եք ձեր 12 կետը լինի, 24 կետը լինի, 150 կետը լինի, թե 100 քայլը իրականանա, բարեկամներս, պետք է հաջողության հասնեք ընտրություններում: Ընտրությունները կգան` բարին հետը»։

 

Back to top button