Հասարակություն

«Ինչ տարբերություն խորովածը ֆրակով կուտեն, թե՞ ջինսով». մտավորականների կարծինքերը հակասական են

Արմինե Գևորգյան
«Ռադիոլուր»

Առաջին անգամ չէ, որ Գառնու և Զվարթնոցի տաճարներում միջոցառումներ են անցկացվում: Երգիչ-երգահան Արտավազդ Բայաթյանը հիշում է, որ 1985-ին Գառնիում անցկացվել է «Երգ 85» փառատոնը, որն ամենահիշարժան փառատոնն է եղել իր համար: Եվ ըստ նրա՝ աշխարհում ընդունված է հուշարձանի կողքին ինչ-որ միջոցառում իրականացնել: Սակայն այդ միջոցոռումը պետք է լինի չվնասող, քանի որ մենք չավերելու, չփչացնելու կուլտուրա չունենք:

«Այն, որ մեր հուշարձանները պահպանության խնդիր ունեն, փաստ է, սակայն չի էլ կարելի միանշանակորեն ասել, թե` ոչ, նման միջոցառումները պետք է արգելել: Մենք պետք է հստակ հասկանանք` ինչ կարգի միջոցառումներ են կարելի նման տարածքներում իրականացնել, ինչ` չի կարելի»:

Երգչուհի Լիլիթ Պիպոյանը զարմանում է, որ այսքան մեծ աղմուկ է բարձրացել, վերջինիս կարծիքով` նախարարությունը ճիշտ է արել, որ տարածքը տրամադրել է միջոցառում իրականացնելու համար, բայց նաև ճիշտ էր նկատողություն անելը.«Նման տարածքներում միայն հատուկ նշանակության բարձր որակի միջոցառումներ պետք է իրականացվեն, իսկ Գառնիում և Զվարթնոցում եղածները նման միջոցառումներ են եղել: Մի քիչ ապատեղեկատվություն կա, թե ինչպես են անցկացվել այդ միջոցառումները, քանի որ մարդկանց հասել է ոչ ամբողջական ինֆորմացիա: Հուշարձանների տարածքը տրամադրելու համար պետք է պայմանագիր կնքվի, և հետևեն, որ պայմանագրի կետերը չխախտվեն»,- ասաց Պիպոյանը:

Սակայն հրապարակախոս Կարինե Հակոբյանը նշեց, թե սա առաջին դեպքը չէ, որ նման անմարդկային կերպով են վերաբերվում հուշարձաններին, և ոչ մի երաշխիք չկա, որ այսուհետ նման դեպքերը չեն կրկնվի: Եվ բացարձակ տարբերոթյուն չկա խորովածը ֆրակով են ուտում, թե ջինսով: Ի դեպ, Կարինե Հակոբյանի ու Լիլիթ Պիոյանի կարծիքները տարբեր էին, արդյուքում բանավեճը այդքան հարթ չընթացավ:

Լիլիթ Պիպոյանը համոզված է, որ այդ միջոցառումների շնորհիվ բյուջե գնացող գումարը տրամադրվելու է հուշարձանի պահպանման խնդրին: Իսկ երբ Արտավազդ Բայաթյանն ասաց, որ խոհանոցն էլ մեր մշակույթի մի մասն է, և զարհուրելի ոչինչ չկա, որ խոհանոցն էլ պետք է ներկայացվի նման վայրերում` իրականացվող միջոցառումների ժամանակ,այստեղ երգչին ընդհատեց Կարինե Հակոբյանը՝ ասելով՝ «Դուք արդեն դեմագոգիայով եք զբաղվում»: Քննարկումն ի վերջո կիսատ մնաց, քանի որ ասուլիսի ընթացքում բանախոսները նեղացան իրարից  ու լքեցին մամուլի սրահը:

Back to top button