Տնտեսական

Բացվել է Հայկական տնտեսագիտական միության տարեկան գիտաժողովը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է Հայկական տնտեսագիտական միության տարեկան եռօրյա գիտաժողովի բացմանը:

Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Հայկական տնտեսագիտական միության,Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի և Հայ-ռուսական սլավոնական համալսարանի մեծ ավանդը և լիարժեք ներգրավվածությունը մեր երկրի գիտահետազոտական կարողությունների զարգացման գործում:

Երկրի վարչապետն անդրադարձել է ՀՀ նոր կառավարության գործունեությանը՝ մասնավորապես, ընդգծելով. «ՀՀ կառավարությունը գալիք տարիների համար ակնկալում է տնտեսական շարունակական աճ: Մեր որդեգրած քաղաքականության հիմքում Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, որի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը հասնելու լավագույն ճանապարհը տնտեսության, հատկապես մասնավոր հատվածի զարգացումն է:  Հայաստանի կառավարության գործունեությունը նպատակաուղղված է լինելու ինովացիոն տեխնոլոգիաների և լայնածավալ ներդրումային ծրագրերի վրա հիմնված տնտեսության զարգացմանը:

Այս գիտաժողովի ծրագիրն առնչվում է առևտրի, արդյունաբերության, ֆինանսների, աշխատաշուկայի, հանրային հատվածի, կրթության և այլ ոլորտների մարտահրավերներին: Դրանք ուղղակիորեն առնչվում են նաև Հայաստանի տնտեսության հիմնախնդիրներին, և ես վստահ եմ, որ քննարկումների արդյունքներն օգտակար կլինեն համապատասխան ոլորտներում մարտավարության մշակման արդյունավետության բարձրացմանը»:

Եռօրյա գիտաժողովի շրջանակում, որին մասնակցում են հայաստանցի, սփյուռքահայ և արտասահմանցի տնտեսագետներ, քննարկվելու են Հայաստանի տնտեսական զարգացմանը և մրցունակությանը, դրամավարկային քաղաքականությանը, միջազգային առևտրին, ֆինանսատնտեսական հատվածին և մի շարք այլ թեմաների վերաբերող հարցեր:

Back to top button