ԿարևորՔաղաքական

Ադրբեջանական ծանոթ թեզերին եղել է հայկական փաստարկված հակահարված

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Արդյունավետ թիմային աշխատանք, որի միջոցով հնարավոր եղավ հակազդել ապատեղեկատվությանը ու Բաքվում ներկայացնել հայկական դիրքրոշումները. այսպես են բնորոշել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի «Ռոուզ Ռոթ» սեմինարի արդյունքերը հայ պատվիրակները: Բաքվում անցկացված սեմինարին, հիշեցնենք, մասնակցում էին ԱԺ պատգամավորներ Կորյուն Նահապետյանն ու Թևան Պողոսյանը, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը: Հայ պատվիրակները մասնակցությունը կարևոր են համարել հատկապես այն առումով, որ ադրբեջանական ապատեղեկատվությունն անպատասխան չի մնացել. բոլոր թյուր ու սխալ մեկնաբանություններին փաստարակված հակազդեցություն է տրվել:

Սա ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանի երկրորդ այցելությունն էր Բաքու: Առաջին և երկրորդ ընդունելությունների միջև հայ պատվիրակը փոփոխություն է տեսնում. նախորդի ժամանակ հայ պատվիրակներին ընդհանրապես թույլ չի տրվել դուրս գալ հյուրանոցից, այս անգամ այդ հնարավորությունը եղել է: Ընդհանուր առմամբ՝ ադրբերջանական կողմը փորձել է ցույց տալ, որ ողջունում է հայկական պատվիրակության մասնակցությունը: «Չնայած կար ազատություն, կարելի էր զբոսնել քաղաքում, բայց այն վայրերը, որտեղ լինում էինք, նախապես նախապատրաստվում էին: Օրինակ՝ այնպես էր ստացվում, որ ծովաին այն հատվածը, որտեղ զբոսնում էինք, միանգամից դատարևկվում էր, մենք էինք և մեկ-երկու երեխա»,- ասում է։

Բոլորովին այլ իրավիճակ է եղել սեմինարի ընթացքում. գրեթե բոլոր քննարկումներում շոշափվել է Ղարաբաղի հակամարտության խնդիրը: Ըստ վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանի՝ ադրբեջանցիները չեն ցանկացել լսել ու փորձել են միայն կռիվ տալ, իսկ հայ պատվիրակները շատ ակտիվ են եղել ու ագրեսիվ հռետորաբանությանը պատասխանել են փաստարկված մեկնաբանություններով: Կիրակոսյանը կարևոր է համարում նաև այն, որ դիմադիր ու ընդդիմադիր պատգամավորները Բաքվում մեկ թիմ են եղել։

Ադրբեջանական թեզերը եղել են նույն և ծանոթ շեշտադրումների մեջ՝ օկուպացված տարածքներ, Հայաստանը՝ ագրեսոր պետություն: Ցանակացած ապատեղեկատվություն փաստարկված հակազդեցություն է ստացել, ասում է հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը։

Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, Ղարաբաղի ժողովուրդը, իրացնելով ինքնորոշման իրավունքը, հռչակել է իր անկախությունը, և Ղարաբաղը տարածաշրջանի ամենաժողովրդավարական պետությունն է: Այս հայտարարությունները հայկական պատվիրակները հնչեցրել են Բաքվում, նաև ադրբեջանցիներին առաջարկել են բանակցությունների սեղանի շուրջ նստել անմիջապես ԼՂ ներկայացուցիչների հետ։

Կառուցողական պատասխաններ ադրբեջանցիներից չեն ստացել: «Մեր առաջարկներին, որ դիպուկահարներին պետք է հեռացնել սահմաններից, ագրեսիվ էին պատասխանում, ասում էին, որ դիպուկահարները գտնվում են այն տարածքներում, որոնք ադրբեջանական են»։

Նախատեսվում է, որ հաջորդ տարի ՆԱՏՕ-ի սեմինարն անցկացվելու է Երևանում։ Բաքվում հայ պատվիարկները երաշխավորել են. Երևանում կապահովվի անհրաժեշտ միջավայր՝ կառուցողական քննարկումներ անցկացնելու համար:

Back to top button