Հասարակություն

Քեսաբցին իր մեջքը կշտկի, բայց հոգին անհանգիստ է՝ սահմանից այն կողմ թուրքն է

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Քեսաբը մարտի 21-ից հակակառավարական զինյալների վերահսկողության  տակ էր: Նրանք քաղաքի վրա հարձակվել էին Թուրքիայի սահմանից: Քեսաբահայերի մեծ մասը տեղափոխվել էր Սիրիայի ծովափնյա Լաթաքիա քաղաք, ինչպես նաև Լիբանան՝ Բեյրութ և Այնճար, բայց բոլորի հայացքն ամիսներ շարունակ ուղղված էր դեպի Քեսաբ։ Մարդիկ երազում էին՝ օր առաջ ազատագրված տեսնել հայրենիքն ու վերադառնալ այնտեղ, տեր դառնալ թեկուզ և թալանված ու ավերված տանն ու դպրոցին, Քեսաբի սրբավայրերին: Եվ վերջապես՝ հունիսի 15-ի կիրակին բացվեց բարի լուրով՝ սիրական բանակն ազատագրել է Քեսաբը: Քեսաբի ու քեսաբահայի այսօրվա օրն ու հոգսը,   վաղվա օրվա հեռանկարը։

«Գիտեի, որ մի օր պիտի գամ Հայաստան, բայց չէի մտածում, որ դա տեղի կունենա այդքան արաջ, պատերազմի պատճառով»,-  Ռիտա Մանջիկյանը Քեսաբից Հայաստան տեղափոխվեց մեկ տարի առաջ։ Այս ընթացքում ավարտել է Երևանի տնտեսագիտական համլասարանն ու աշխատանքի անցել Երևանի կենդանաբանական այգում: Մարտի 21-ին զանգահարել էր մայրիկին՝ շնորհավորելու մայրերի օրվա առիթով ու ստացել  զինյալների կողմից հայրենի Քեսաբի գրավման լուրը: Զարմանալի զուգադիպությամբ սիրիական բանակի կողմից Քեսապի  ազտագրման լուրն էլ ստացավ հունիսի 15-ին. Սիրիայում այդ օրը նշում են հայրերի տոնը: Զանգահարել էր շնորհավորելու հորը՝ Քեսաբի գորադիր մարմնի անդամ Կարո Մանջիկյանին` հեռախոսը չէր պատասխանել։

Թալանված են Քեսապի գրեթե բոլոր տները, խանութները, ավերված են կրթօջախները, եկեղեցիները: Այրված է տեղացիների շատ սիրելի  Միսակյան մշակությաին կենտրոնը, ջուր չկա, բայց քեսաբցիներն ասում են՝ հոգեողջություն թող լինի, ամեն ինչ կվերկանգնենք: «Չնայած բազմաթիվ խնդիրներին՝ արդեն շատերն են վերադարձել Քեսաբ»,- ասում է Ռիտա Մանջիկյանը։

«Քեսապում հայերն ստեղծել են իրենց փոքրիկ Հայաստանը, որը Կիլիկյան հայկական թագավորության վերջին պատառն են համարում: Այդ պատճառով էլ գուցե չափազանց  կառչած են այդ հողին: Մինչ պատերազմը՝ քեսաբցին եկամտի երկու հիմնական աղբյուր ուներ՝ զբոսաշրջություն և Քեսաբի հայտնի խնձորը, որից պատրաստված հյութն արտահանվում է տարբեր երկրներ: Մինչև Չինաստան ու Եվրոպական երկրներ է հասնում Քեսաբում պատրաստվող դափնետերևի օճառը: Քեսաբցի զրուցակիցս հույս ունի, որ հայաստանյան խանութներում թուրքական ու պարսկական օճառների կողքին մի օր էլ գուցե հայտնվի Քեսաբի՝ բազմաթիվ երկրներում մեծ հեղինակություն վայելող դափնետերևի օճառը և ոչ միայն…

Ռիտան որոշել է ապրել Հայաստանում: «Ես այլևս երկու Հայաստան ունեմ, ամեն օր այս երկուսի միջև քաղցր պայքարի մեջ եմ, որովհետև ընտանիքս ի վերջո Քեսաբում է մնալու»,- ասում է: Համոզված է, որ քեսաբցին իր մեջքը կշտկի, տունն ու դպրոցը կկառուցի, եկեղեցին նույնպես, հացի ու ջրի խնդիրն էլ  կլուծի, բայց հոգին՝ միևնույնն է, անհանգիստ է՝ սահմանից այն կողմ թուրքն է։

Back to top button