Հասարակություն

Տաղանդավոր երեխաների համար պետք է ստեղծվեն սովորելու լավ պայմաններ, կարծում է Արթուր Աղաբաբյանը

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Տաղանդավոր երեխաների համար պետք է ստեղծվեն սովորելու լավագույն պայմանները: Երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու համար անհրաժեշտ ֆակուլտետներում դիմորդները պետք է սովորեն պետության հաշվին, այս կարծիքին է Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր Արթուր Աղաբաբյանը և կարծում է, որ խելացիներին հայտնաբերելու և նրանց ինտելեկտուալ ներուժը պահպանելու համար պետությունը պետք է քայլեր ձեռնարկի, հակառակ դեպքում կունենանք ուղեղների արտահոսք: Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պրոռեկտորն ու Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտորը ներկայացրել են նաև այս տարվա պահանջարկ ունեցող ֆակուլտետները:

Այս տարի քննություններին մասնակցելւ համար հայտագրվել է 12 հազար դիմորդ: Այս ցուցանիշը նախորդ տարիների հետ համեմատ նվազել է, սակայն Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի վրա այս պատկերը չի ազդել: Նրանց մոտ դիմորդների պակաս չկա:
«Անցյալ տարի մենք ունեինք 1680 դիմորդ, այս տարի 1620, այդքան էլ մեծ չէ տարբերությունը»:

Մանկավարժական համալսարանում այս տարի մեծ պահանջարկ կա կենսաբանության և աշխարհագրության ֆակուլտետներում, իսկ ֆիզիկա և մաթեմատիկա մասնագիտություններով այդքան էլ մեծ չէ հետաքրքրությունը, խոստովանում է համալսարանի պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը, սակայն հուսով է, որ երկրորդ և երրորդ հայտերով, այնուամենայնիվ, այս ֆակուլտետներում դիմորդներ կունենան: Այն որ այս տարի դիմորդները քիչ են, հաստատում է նաև Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր Արթուր Աղաբաբյանը: Իրենց համալսարանում մեծ պահանջարկ ունեն իրավագիտության, տնտեսագիտության, մանկավարժություն և մեթոդիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետները:Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր Արթուր Աղաբաբյանի խոսքով` վերջին տարիներին շատ է իջեցվել ընդունելության շեմը, ինչի արդյունքում էլ համալսարան են դիմում սակավ գիտելիքներով ուսանողներ, ինչն էլ բնականաբար բացասական ազդեցություն է թողնում որակի վրա: Այս խնդրի դեմն առնելու համար Արթուր Աղաբաբյանն առաջարկում է իր մոտեցումը:

«Լավ կլիներ ուշադրությունը խիստ կենտրոնացնել ավարտականների վրա, որպեսզի մենք մեր շրջանավարտների մասով կարողանայինք տեսնել թե ինչպիսի մասնագետներ ենք պատրաստում: լավ կլիներ տարբեր բուհրում միևնույն մասնագիտության շրջանավարտների նկատմամբ միևնույն պահանջներով միասնական ավարտական քննություններ կազմակերպել, որն ավելի արդյունավետ կլիներ»:

Մեր ինտելեկտուալ ներուժը պահպանելու և այն ճիշտ օգտագործելու համար, ըստ Արթուր Աղաբաբյանի, պետք է ստեղծվեր մի կառույց, որը կուսումնասիրեր թե րո մասնագիտություններն ունեն պահանջարկ և այդ ֆակուլտետներում դիմորդները սովորեին պետության հաշվին:
Տաղանդավոր երեխաների համար պետությունը պետք է ստեղծի սովորելու լավ պայմաններ, կարծում է Արթուր Աղաբաբյանը և նշում, որ հակառակ դեպքում կունենանք նրա ձևակերպմամբ, ուղեղների արտահոսք:

Back to top button